Եվրոպա

ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների պատվերները հասել են պատմության մեջ ամենաբարձր մակարդակին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների պատվերները հասել են պատմության մեջ ամենաբարձր մակարդակին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների և Եվրամիության ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ութ հիմնական ընկերությունները 2023 թ. վերջին ստացել են շուրջ 750 միլիարդ դոլար ընդհանուր գումարի զենքի և զինամթերքի արտադրության պատվերներ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ փորձագետների հաշվարկների և միջազգային հետազոտական ​​կենտրոնների տվյալների, որոնք ուսումնասիրել է ճապոնական Nikkei առաջատար տնտեսական թերթը, դա ամենաբարձր մակարդակն է ոլորտի պատմության մեջ։

ԱՄՆ-ի և ԵՄ-ի ռազմարդյունաբերական համալիրի ութ խոշորագույն ընկերություններն, ի պատասխան պատվերների ռեկորդային աճի, 2024 թվականին 10,5 միլիարդ դոլար կներդնեն արտադրության ընդլայնման բնագավառում: Դա նույնպես  ամենաբարձր մակարդակն է պատմության մեջ, նշում է Nikkei-ը: Այդ ներդրումների ծավալն ավելի քան 30 %-ով գերազանցում է 2019 թվականի մակարդակը և 8 %-ով՝ 2023 թվականի ցուցանիշը։ Թերթը զենքի արտադրության աճը կապում է Ուկրաինային Արևմուտքի երկրների ռազմական մատակարարումների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում լարված իրադրության հետ։

Մասնավորապես, ամերիկյան Lockheed Martin կորպորացիան մտադիր է մինչև 2027 թվականն ավելի քան 30 %-ով ավելացնել զինամթերքի արտադրությունը Patriot PAC-3 հակահրթիռային պաշտպանության համալիրների համար՝ դրանց քանակը հասցնելով տարեկան 650-ի։ 2025 թվականին ավելի քան 30 %-ով կաճի HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտադրությունը։ 

Բրիտանիայի ռազմարդյունաբերական համալիրի BAE Systems խոշորագույն կորպորացիան ծրագրում է, ըստ պարբերականի տվյալների, ութ անգամ ավելացնել 155 մմ տրամաչափի հաուբիցների արտադրության իր կարողությունները։

Ակնկալվում է, որ 2024 թվականին ԱՄՆ-ի և ԵՄ-ի երկրների ռազմարդյունաբերական համալիրի ութ առաջատար ընկերությունների զուտ շահույթը 2023 թվականի մակարդակի համեմատությամբ կաճի 13 %-ով և կհասնի 29,4 միլիարդ դոլարի նշագծին: 2025 թվականին զուտ շահույթը պետք է ավելանա՝ հասնելով 32,1 միլիարդ դոլարի, ինչը նույնպես ամենաբարձր ցուցանիշն է  ճյուղի պատմության մեջ, նշում է Nikkei-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում