Իրավունք

Իրանի քաղաքացին Հայաստան է ներմուծել 233 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց

2 րոպեի ընթերցում

Իրանի քաղաքացին Հայաստան է ներմուծել 233 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչությունից ՊԵԿ ՄԴՊ վարչություն տվյալներ էին ստացվել, որ Իրանի քաղաքացին մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք է ներմուծել թմրամիջոց և պատրաստվում է այն ուղարկել Ավստրալիայի Համագործակցություն։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունից, իրացնելով ստացված տվյալները`  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ»  ՓԲ ընկերության Կապան քաղաքում գտնվող բաժանմունքներից մեկում զննման են ենթարկել «ՀայՓոստ»-ի միջոցով Իրանի քաղաքացի Ս․Յ․-ի անունից Հ․Ի․-ի անվամբ Ավստրալիայի Համագործակցություն առաքվող միջազգային փոստային առաքանին: Արդյունքում  հայտնաբերվել է 2 կաշեպատ պայուսակ: Նշված պայուսակների պատերի մեջ՝ հատուկ թաքստոցներում,  եղել են ընդհանուր 233 գրամ քաշով «ափիոն»  տեսակի թմրամիջոցին նմանվող մուգ շագանակագույն մածուցիկ և կոշտ զանգվածներ:

ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ և 34-399-րդ հոդվածների հատկանիշներով կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն, որի շրջանակում, թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, նշված բաժանմունքի մոտից ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացին։

Ձերբակալված անձը կազմված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջինս ձերբակալվել է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։           

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում