Կրթություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է նախագծի հիմնական կետերը՝ նշելով, որ սահմանվելու են որակի վերահսկողության՝ լիցենզավորման և հավատարմագրման նոր չափանիշներ, բուհի կառավարման ուղղահայաց մոդելը փոխարինվելու է հորիզոնական մոդելով, որտեղ գործնականում լինելու են անկախ մի քանի կառավարման և կարգավորման օղակներ, օրենքի առանձին հոդվածով սահմանվելու է Ակադեմիական քաղաքին վերաբերող կարգավորումների շրջանակը և այլն: 

Անդրադառնալով գիտական կազմակերպություններին և Գիտությունների ազգային ակադեմիային՝ նշվել է, որ առաջարկվող նոր կարգավորումներով ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ: 

Քննարկում է ծավալվել լիցենզավորման նոր պայմանների, բուհերի կրթական ծրագրերի հավատարմագրման, բուհերի ֆինանսավորման մեխանիզմների շուրջ, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:

Կրթության զարգացման պետական ծրագրով պետական բուհերի ֆինանսավորման թեմայի շրջանակում վարչապետը նշել է՝ կարևորագույն սկզբունքներից մեկն այն է, որ որոշակի առաջադիմություն ունեցող ուսանողները չպետք է դուրս մնան բուհից ֆինանսական խնդրի պատճառով: 

«Մեր քաղաքական սկզբունքն է, որ կրթության մեջ սոցիալական խտրականությունը պետք է բացառվի»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և հանձնարարել ներկայացված առաջարկությունները ներառել նախագծում, որից հետո այն ներկայացնել հանրային քննարկման:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում