ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անգլիական «Օազիս» խումբը հայտարարել է, որ վերամիավորվել է և 2025 թվականին համերգներով համաշխարհային շրջագայության կմեկնի։
«Արմեպրես»-ի փոխանցմամբ՝ X սոցիալական հարթակում խումբը գրել է, որ 2025 թ. ամռանը համերգներով հանդես կգա Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում։ Նրանք համերգներ կունենան Քարդիֆում, Մանչեստրում, Լոնդոնում, Էդինբուրգում և Դուբլինում հուլիսին և օգոստոսին։ Սրանք կլինեն Եվրոպայի միակ համերգները։
Իսկ նույն տարվա վերջում խումբը նաև նախատեսում է համերգային շրջագայությունների մեկնել Եվրոպայից դուրս։
Խմբի հիմնադիրներ Նոել և Լիամ Գալագեր եղբայրները վերջին անգամ միասին նվագել են 15 տարի առաջ։
«Օազիս»-ը Բրիտանիայի պատմության մեջ ամենալավ վաճառվող խմբերից մեկն է և մեծ հաջողություններ է ունեցել 1990-ականներին։