Միացյալ Նահանգներ

Բայդենը և Մոդին հաստատել են իրենց աջակցությունը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը

2 րոպեի ընթերցում

Բայդենը և Մոդին հաստատել են իրենց աջակցությունը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 26-ին կայացած հեռախոսազրույցում հավաստիացրել են, որ աջակցում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Բայդենը Մոդիի հետ քննարկել է Հնդկաստանի վարչապետի այցը Լեհաստան և Ուկրաինա, ինչպես նաև սեպտեմբերին կայանալիք հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Ըստ Սպիտակ տան՝ ԱՄՆ ղեկավարը բարձր է գնահատել Մոդիի ուղևորությունը, ինչպես նաև «նրա խաղաղության ուղերձը և Ուկրաինային տրամադրվող շարունակական մարդասիրական օգնությունը, այդ թվում՝ էներգետիկ հատվածում»։

«Ղեկավարները հաստատել են հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց անփոփոխ աջակցությունը՝ միջազգային իրավունքին համապատասխան և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա», - ասված է հաղորդագրության մեջ։

Իր հերթին Մոդին X-ում գրել է, որ Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանային և համաշխարհային տարբեր հարցեր, այդ թվում՝ իրավիճակն Ուկրաինայում և Բանգլադեշում։

1992 թվականին Կիևի և Նյու Դելիի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումից ի վեր Հնդկաստանի վարչապետն օգոստոսի 23-ին առաջին այցն էր կատարել Ուկրաինա, որից առաջ եղել էր Լեհաստանում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ Մոդին հավաստիացրել է, որ Հնդկաստանը պատրաստ է ակտիվ դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ցանկացած ջանքերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում