Սպորտ

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը»-ը Սլովենիայի չեմպիոնին հաղթեց նվազագույն հաշվով

2 րոպեի ընթերցում

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը»-ը Սլովենիայի չեմպիոնին հաղթեց նվազագույն հաշվով

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Փյունիկ» ակումբը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆ փուլի որակավորման առաջին խաղում սեփական հարկի տակ ընդունեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյե»-ին։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեև մրցակիցները պահպանեցին խաղի բարձր տեմպը, սակայն առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ արդյունքով, քանի որ թիմերին այդպես էլ չհաջողվեց ստեղծել իրական գոլային պահեր։

Ընդմիջումից հետո՝ «Փյունիկ»-ն ավելացրեց ճնշումը հակառակորդի դարպասին, և հանդիպման 59-րդ րոպեին տուգանային հրապարակի մատույցներից կատարած շեշտակի հարվածով նիգերիացի լեգեոներ Սանի Բուհարին գրավեց սլովենական թիմի դարպասը։ 65-րդ րոպեին նա կարող էր կրկնապատկել «Փյունիկ»-ի առավելությունը, սակայն չկարողացավ գրավել դատարկ դարպասը։ 67-րդ րոպեին սլովենական ակումբի դարպասապահը դժվարությամբ հետ մղեց Մայայի հուժկու հարվածը։ Եվս երկու րոպե անց գոլային իրական հնարավորությունը ձեռքից բաց թողեց Օտուբանջոն։

Չնայած գործադրված ջանքերին՝ «Փյունիկ»-ին չհաջողվեց երկրորդ անգամ գրավել մրցակցի դարպասը, և խաղն ավարտվեց հայկական ակումբի նվազագույն առավելությամբ՝ 1:0։ 

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին։  

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում