Հասարակական

Դալմայի այգիներում՝ նոր մեծ զբոսայգի. քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել

3 րոպեի ընթերցում

Դալմայի այգիներում՝ նոր մեծ զբոսայգի. քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Դալմայի այգիների տարածքում մոտ 200 հեկտար համայնքային զբոսայգու ստեղծումը հնարավորություն կընձեռի գերազանցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած նվազագույն ցուցանիշը մեկ շնչի հաշվով կանաչ տարածքի համար։

Այս մասին «Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը՝ հավակնոտ գնահատելով քաղաքապետարանի կողմից Դալմայի այգիներում նոր զբոսայգու ստեղծման լայնամասշտաբ ծրագիրը։

«Երևանում այս պահին մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը 8 քմ է կազմում, իսկ այդ զբոսայգու ստեղծումը թույլ կտա գերազանցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած նվազագույն ցուցանիշը, որը կազմում է 9 քմ մեկ բնակչի հաշվով։ Միաժամանակ այդ ծրագրի իրագործմամբ՝ կունենանք  շատ մեծ մակերեսով համայնքային զբոսայգի, որը կապահովվի Երևանի ցածրադիր գոտում գտնվող Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ վարչական շրջանների միկրոկլիման և միաժամանակ ամբողջ բնակչության համար հանգստի նոր գոտի կհանդիսանա»,-մանրամասնեց Ավետիսյանը։

Նրա տեղեկատվությամբ՝ նախաձեռնությունն այժմ գտնվում է տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների իրականացման փուլում։ Մասնավորապես՝ ելակետային ուսումնասիրություններ և համապատասխան տվյալների հավաքագրում է կատարվում՝ տեղագրություն, գեոդեզիա, ենթակառուցվածքների մասին տեղեկատվություն և այլն։ Դրա ավարտից հետո արդեն, ունենալով տեխնիկատնտեսական հիմնավորումը, կպատվիրվի զբոսայգու նախագիծը, այնուհետև կմեկնարկեն կառուցման բուն աշխատանքները, որոնք, մեծ ծավալով պայմանավորված, նախատեսվում են փուլային տարբերակով։ Դրան զուգահեռ աշխատանքներ կիրականացվեն նաև ֆինանսավորման հարցի լուծման համար։

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալը Երևանում փոշու դեմ պայքարի միջոցառումներից կարևորեց կանաչ տարածքների ավելացումն ու եղածի պահպանումը, որոնք, նրա համոզմամբ, կլանման արդյունավետ միջոց են հանդիսանում։ 

«Քաղաքապետարանը մեծ ռեսուրսներ է ներդնում յուրաքանչյուր տարի նոր կանաչ տարածքներ ստեղծելու կամ եղածները պահպանելու համար։ Վերջին երկու տարում Երևանի կանաչ տարածքներն ընդլայնվել են 35 հեկտարով»,-նշեց Գորիկ Ավետիսյանը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում