Հասարակական

ՀՀ-ում այս պահին շրջանառվող կորոնավիրուսի տեսակը վարակելիության և ծանրության աստիճանով ավելի թույլ է. ՀՎԿԱԿ տնօրեն

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում այս պահին շրջանառվող կորոնավիրուսի տեսակը վարակելիության և ծանրության աստիճանով ավելի թույլ է. ՀՎԿԱԿ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին օրերին գրանցվող կորոնավիրուսի դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են, սակայն այս պահին շրջանառվող «Օմիկրոն» շտամի JN1 տարատեսակը վարակելիության և ծանրության աստիճանով ավելի թույլ է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի(ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը: 

«Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 229 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7 դեպքով: Իսկ վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 113 դեպք, որը նույնպես նախորդ տարվա համեմատ մի փոքր ավելի է»,-ասաց Աթոյանը:

Նրա խոսքով՝ հիմա երկրում շրջանառվում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի JN1 տարատեսակը:

«Այն իր վարակելիությամբ և ծանրության աստիճանով ավելի թույլ է, քան նախորդ տարիներին գրանցված շտամերը: Մահացության ցուցանիշը 0.5 է: 2021-ին գրանցված ամենաագրեսիվ ցուցանիշը եղել է 2.1»,-ասաց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը:

Ստեփան Աթոյանը հատկապես ռիսկի խմբում գտնվող անձանց հորդորեց պատվաստվել:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում