Հասարակական

Հայաստանում կարմրուկի դեմ չպատվաստվածների թիվը նվազել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կարմրուկի դեմ չպատվաստվածների թիվը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տարեսկզբից մինչև օգոստոսի 20-ի դրությամբ գրանցվել է կարմրուկի 547 դեպք, դեպքերի աճ է նկատվում, սակայն այս հիվանդության դեմ պատվաստում չստացած անձանց թիվը նախորդ տարվա համեմատ 1.8 տոկոսով նվազել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը: 

Աթոյանը հիշեցրեց, որ Հայաստանում դեռևս 2023 թվականի սկզբից սկսեցին արձանագրվել կարմրուկի դեպքեր: 

«Նախորդ տարվա համեմատ այս տարի ունենք հիվանդության մի փոքր աճ: Եթե նախորդ ամբողջ տարվա ընթացքում գրանցվել էր 554 դեպք, ապա այս տարի մինչև օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածի համար ունենք արդեն 547 դեպք»,-ասաց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը: 

Նա վստահեցրեց, որ Առողջապահության նախարարությունը, ՀՎԿԱԿ-ն  մեծ աշխատանք են տանում, որ հնարավորինս բարձրացնեն պատվաստման ցուցանիշները, քանի որ կարմրուկը կառավարելի հիվանդություն է: Եվ նրա դեմ ամենաարդյունավետ պայքարը ժամանակին համապատասխան պատվաստումներ իրականացնելն է:

«Իրականացված աշխատանքների շնորհիվ նախորդ տարվա համեմատ ունենք չպատվաստվածների մոտ 1.8 տոկոս իջեցում, այսինքն՝ ավելի շատ մարդ է պատվաստվում: Իսկ թերի պատվաստվածների թիվը 2.9 անգամ իջել է»,-ասաց Ստեփան Աթոյանը:

Նա հորդորեց ազգաբնակչությանը չխուսափել պատվաստումներից, քանի որ դա պայքարի միակ միջոցն է կառավարելի հիվանդությունների դեմ: 

Վարակիչ հիվանդություններն ունեն համաճարակաբանական որոշակի օրինաչափություն: Կախված հիվանդությունից՝ 4-7 տարին մեկ նկատվում է հիվանդացության դեպքերի բարձրացում: Կարմրուկի դեպքերի նման բարձրացում եղել է 2017-2018 թթ: Նույն սկզբունքով այս տարի դիտվում է նաև կապույտ հազի ակտիվացում:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում