Մերձավոր Արևելք

Իսրայելը գնդակոծել է Լիբանանի մի շարք բնակավայրեր. կան զոհեր և վիրավորներ

2 րոպեի ընթերցում

Իսրայելը գնդակոծել է Լիբանանի մի շարք բնակավայրեր. կան զոհեր և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի հարավում գտնվող մի քանի բնակավայրեր հարվածների են ենթարկվել Իսրայելի բանակի կողմից։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից։

Նշվում է, որ Լիբանանի Ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ հարվածներ են հասցվել, մասնավորապես, Այտա էշ Շաաբ, Էդ Դահիրա, Էն Նակուրա և Հուլա ավաններին։ Էդ Դահիրայում գնդակոծությունների զոհ է դարձել չորս մարդ, ևս երկուսը վիրավորվել է։

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդել է Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը, Իսրայելի բանակի հարվածների հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել Լիբանանի արևելքում գտնվող Բեքաայի հովտում։

Լրատվամիջոցի տվյալներով՝ տուժածների թվում կան մինչև 10 տարեկան առնվազն ութ երեխա և մեկ հղի կին։

Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40 200-ի։

Այս ընթացքում լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը և իսրայելական ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում միմյանց Իսրայելի և Լիբանանի սահմանամերձ շրջաններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում