Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը և «Իսլամական ջիհադ»-ը ստանձնել են Թել Ավիվում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը

2 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը և «Իսլամական ջիհադ»-ը ստանձնել են Թել Ավիվում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումները ստանձնել են Թել Ավիվում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը և սպառնացել նոր գրոհներ նախապատրաստել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Telegram ալիքում։

««Իզեդդին ալ Քասամի բրիգադ»-ի (ՀԱՄԱՍ-ի ռազմական թև) և «Սարայ ալ-Քուդս»-ի («Իսլամական ջիհադ»-ի ռազմական թև) մարտիկները հաստատում են, որ երեկ՝ կիրակի օրը, Թել Ավիվում գործողություն էին նախապատրաստել մահապարտի մասնակցությամբ», - հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը: 

Արմատականները հայտարարել են, որ այսուհետ կանոնավոր կերպով մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ ահաբեկչություններ կկազմակերպեն Իսրայելի տարածքում «մինչև օկուպանտները չդադարեցնեն իրենց ագրեսիան քաղաքացիական բնակչության դեմ», ինչպես նաև` մինչև հրեական պետությունը «չդադարի պաղեստինցիներին փորձել վտարել իրենց տարածքներից»։

Զինյալներն Իսրայելի տարածքում ակտիվ ահաբեկչական գործողությունների վերսկսման ևս մեկ նախադրյալ են անվանել Իսրայելի իշխանությունների կողմից անցկացվող «մահափորձերի քաղաքականությունը» արմատական ​​շարժումների պարագլուխների նկատմամբ։

Օգոստոսի 19-ին Իսրայելի ոստիկանությունը հաստատել է, որ օգոստոսի 18-ին Թել Ավիվում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն էր, և միջադեպի հետևանքով զոհվել է ահաբեկիչն ինքը՝ Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս քաղաքի բնակիչը։ Ռադիո Kan-ի տվյալներով՝ արմատականը մի քանի տասնյակ կիլոգրամ կշռող հզոր պայթուցիկ սարքը կրում էր մեծ ուսապարկի մեջ։ Հնարավոր է` նա պլանավորել էր գնալ սինագոգ կամ առևտրի կենտրոն։ Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել Թել Ավիվի մի բնակիչ, որը տուն գնալու ճանապարհին էլեկտրահեծանվով անցնում էր այդ շրջանով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում