Իրավունք

Մոր սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

4 րոպեի ընթերցում

Մոր սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում օրեր առաջ 65-ամյա կնոջ սպանության համար մեղադրվող 25-ամյա երիտասարդը կալանավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կալանավորման մասին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից: 

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են բազմաթիվ անձինք՝ այդ թվում հարևանները, տուժողի ազգականները։ Նաև՝ առգրավվել և զննվել է շենքի մուտքը տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը։   

Ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ հասցրել է վերջինիս 25-ամյա որդին:  

Մասնավորապես՝ 2024 թվականի օգոստոսի 15-ին ժամը 09։30-ի սահմաններում մորը՝ Գ․ Կարապետյանին ապօրինի կյանքից զրկելու նպատակով, վերջինս գնացել է իր և ընտանիքի բնակության՝ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող շենքի մոտ, որտեղ տեղանքն ուսումնասիրելով և իր կողմից պլանավորված հանցավոր արարքը կատարելու համար նպաստավոր պահ ընտրելով՝ բարձրացել է բնակարան։ Այնտեղ իր  մորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, կտրել նրա պարանոցը, որից հետո հանցագործության գործիք դանակը թողել է բնակարանի միջանցքում գտնվող պահարանի վրա և ժամը 09։40-ի սահմաններում դեպքի վայրից դիմել փախուստի։

Դեպքի հաջորդ օրը վերջինս Ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 25-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել: 

Վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, այդ թվում՝ մեղադրյալի հոգեկան առողջության հետ կապված առկա տվյալներն ստուգելու ուղղությամբ, որի նպատակով իրավասու հաստատություններից պահանջվել են համապատասխան տվյալներ և բժշկական փաստաթղթեր։ 

Օգոստոսի 15-ին Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր 65-ամյա կնոջ դի՝ սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում