Ռուսաստան

Կամչատկայում երկրաշարժից հետո մեկ օրում ավելի քան 30 հետցնցում է տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

Կամչատկայում երկրաշարժից հետո մեկ օրում ավելի քան 30 հետցնցում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամչատկայում օգոստոսի 18-ին տեղի ունեցած 7 մագնիտուդով երկրաշարժից հետո ավելի քան 30 սեյսմիկ իրադարձություն է գրանցվել, որոնցից շատերը եղել են աննկատ: Հուժկու ստորգետնյա ցնցումից հետո հետցնցումները կշարունակվեն ևս մի քանի շաբաթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղում։

«Մենք ուշադիր հետևում ենք օջախային գործընթացին, գրանցում ենք հետցնցումները. դրանց թիվը մեկ օրում գերազանցել է 30-ը: Դա ստանդարտ սցենար է, այժմ մենք կարող ենք սպասել մինչև 6,5 մագնիտուդով մի շարք երկրաշարժեր, որոնք կարող են «ցնցել» Պետրոպավլովսկի ագլոմերացիան մինչև 5 մագնիտուդով: Ընդ որում, ինտենսիվ հետցնցումային գործընթացը կարող է տեղի ունենալ  մինչև մեկ ամիս, այնուհետև այն կհանդարտվի և կդառնա նվազ ինտենսիվ», - հայտնել են մասնագետները։

Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղում հավելել են, որ կարիք չկա կապելու թերակղզու արևելքում Շիվելուչ հրաբխի ժայթքումը և Կամչատկայի Պետրոպավլովսկի երկրաշարժը, քանի որ այդ բնական երևույթները գտնվում են տարբեր համակարգերում։

Օգոստոսի 18-ի առավոտյան Կամչատկայի բնակիչներին արթնացրել են մինչև 7 մագնիտուդով ցնցումները։ Մարդիկ դուրս են վազել տներից, իսկ հետո սոցիալական ցանցերում տարածել երկրաշարժի հետևանքների լուսանկարները՝ կոտրված սպասք, վնասված կենցաղային տեխնիկա, պատերի ճաքեր։ Զննող խմբերն ստուգումներ են իրականացրել շենքերում, դրանք չեն վնասվել: Ցունամիի վտանգ չկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում