Աշխարհ

Բրազիլիայում յուրաքանչյուր ժամը մեկ 1680 բջջային հեռախոս են գողանում. հետազոտություն

3 րոպեի ընթերցում

Բրազիլիայում յուրաքանչյուր ժամը մեկ 1680 բջջային հեռախոս են գողանում. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի բնակիչները բախվել են բջջային հեռախոսների մշտական ​​գողությունների և բազմաթիվ կիբեռհանցագործությունների խնդրին. հանցագործների գործողություններից ընդհանուր վնասը 2023 թվականին հասել է 34 միլիարդ դոլարի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է El Pais պարբերականը՝ վկայակոչելով Բրազիլիայի Forum Brasileiro de Segurança Pública («Բրազիլիայի հանրային անվտանգության համաժողով») ոչ կառավարական կազմակերպության տվյալները:

Նշվում է, որ 2023 թվականին Բրազիլիայի յուրաքանչյուր տասներորդ բնակչից գողացել են բջջային հեռախոս, իսկ միջինը Բրազիլիայում ամեն ժամ գողանում են մինչև 1680 հեռախոս։ Ամենից հաճախ կողոպտիչները խլում են հեռախոսները, երբ երկրի բնակիչները ցանկանում են լուսանկարվել կամ մեքենայի մեջ խոսելիս կանգնած են լինում լուսացույցի տակ։ 

Ըստ պարբերականի տեղեկատվության՝ բջջային հեռախոսների գողությունների խնդիրը հասել է այնպիսի չափերի, որ Google-ը Բրազիլիայում օգտատերերի սարքերի համար մշակել է հատուկ «գողի ռեժիմ»։ Այն նախատեսված է Android սարքերի էկրանների արգելափակման համար, եթե ծրագրում տեղակայված արհեստական ​​ինտելեկտը հայտնաբերի, որ բջջային սարքը կտրուկ կերպով խլել են օգտատիրոջ ձեռքից։ Ծրագիրը դեռ փորձարկման փուլում է։

Պարբերականը հավելում է, որ բացի հեռախոսների գողությունից, Բրազիլիայում բնակչության համար ծագել է մշտական կիբեռհանցագործությունների խնդիրը, որոնց թվում առավել հաճախակին այլ անձի փոխարեն ներկայանալու փորձերն են։ 

Ըստ Forum Brasileiro de Segurança Pública-ի տեղեկատվության՝ յուրաքանչյուր տասներորդ բրազիլացի 2023 թվականին դարձել է իր փողերի գողության ականատեսը և յուրաքանչյուր տասներորդ բրազիլացի տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ դարձել է կիբեռհանցագործության կամ մեքենայության զոհ։

Բրազիլիայում հանցավորությունը շարունակում է խնդիր մնալ բնակչության և երկրի իշխանությունների համար։ Չնայած այն հանգամանքին, որ 2023 թվականին Բրազիլիան ունեցել է կանխամտածված սպանությունների ամենացածր ցուցանիշը վերջին 14 տարվա ընթացքում, սակայն ՄԱԿ-ի Global Study on Homicide-ի՝ 2023 թվականի զեկույցի տվյալներով՝ Բրազիլիան տարեկան 45 000 սպանությունների թվով դեռ զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում