Մերձավոր Արևելք

Չիկագոյում մեկնարկում է Դեմոկրատական կուսակցության համագումարը, որն ուղեկցվում է ցույցերով

2 րոպեի ընթերցում

Չիկագոյում մեկնարկում է Դեմոկրատական կուսակցության համագումարը, որն ուղեկցվում է ցույցերով

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չիկագոյում այսօր մեկնարկում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը, որը կտևի մինչև օգոստոսի 22-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CNN-ը հաղորդում է, որ համագումարին ելույթ կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը հուլիսին հրաժարվեց նախագահական ընտրապայքարից՝ ջահը փոխանցելով փոխնախագահ Քամալա Հարիսին։

Հարիսը և նրա փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլցը հույս ունեն ընտրություններում հաղթել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։ 

Սովարաբար կուսակցություններն իրենց թեկնածուին առաջադրում են համագումարի ժամանակ, սակայն Դեմոկրատական կուսակցությունն այս անգամ իր թեկնածուին ընտրելու համար նախապես օնլայն քվեարկություն է անցկացրել, որի արդյունքում հաստատել է Հարիսի թեկնածությունը նախագահի պաշտոնի համար։ 

Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարին ելույթ կունենան նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման։ 

Համագումարին ընդառաջ ցուցարարները դուրս են եկել երթի, որն, ըստ ABC Chicago հեռուստաալիքի, տևել է շուրջ 3,5 ժամ։ Ցույցին մասնակցել են մի քանի ակտիվիստ խմբեր, որոնք հանդես են եկել միասնական ճակատով՝ պահանջելով գործողություններ ձեռնարկել փոքրամասնությունների իրավունքների, կանանց վերարտադրողական իրավունքների պաշտպանության և Գազայի հատվածում պատերազմին վերջ դնելու ուղղությամբ։

Ակնկալվում է, որ դեռ հազարավոր ցուցարարներ կմասնակցեն այս շաբաթ անցկացվող համագումարին։ Reuters-ը նշում է, որ Իսրայելին ԱՄՆ-ի աջակցությունից դժգոհ տասնյակ մուսուլման պատվիրակներ, որոնք իրենց անվանում են «Պատվիրակներ ցեղասպանության դեմ», ցույցերի միջոցով նպատակ ունեն ճնշում գործադրել իշխանությունների վրա՝ Իսրայելի նկատմամբ զենքի վաճառքի էմբարգո սահմանելու համար։

Օգոստոսի 13-ին ԱՄՆ-ն հավանություն էր տվել Իսրայելին 20 միլիարդ դոլարի զենքի վաճառքին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում