ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը իր քաղաքացիներին հորդորում է զգույշ լինել Իրանում և հարակից երկրներում՝ Ադրբեջանում, Հայաստանում, Թուրքմենստանում և Թուրքիայում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը։
Ըստ աղբյուրի՝ Իսրայելի ԱԳՆ-ն խստորեն խորհուրդ է տալիս պահպանել անվտանգության ուժեղացված միջոցառումները և հետևել Իսրայելի ազգային անվտանգության խորհրդին կից հակաահաբեկչական շտաբի հրահանգներին:
«Այս նախազգուշացումը պայմանավորված է Իրանի և նրա դաշնակիցների սպառնալիքներով, որոնք ակտիվացրել են ամբողջ աշխարհում իսրայելցիների վրա հարձակվելու փորձերը։ Հատկապես խիստ մտահոգություններ են առաջացել Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի՝ Իսրայելին վերագրվող վերացումից հետո», - հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները։
Բացի այդ, իսրայելացի դիվանագետներին խիստ ցուցումներ են տրվել անվտանգության միջոցառումների պահպանման վերաբերյալ, ներառյալ` սովորական ռեժիմի փոփոխությունը, հանրային միջոցառումներից խուսափելը և տնից հնարավոր աշխատանքը: