ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շտապօգնությունը 2024 թվականի օգոստոսի 15-ին ժամը 09:50-ին հաղորդում է ստացել այն մասին, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում կտրած վնասվածքով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է դանակ՝ արնանման հետքերով։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ, ինչպես նաև՝ պարանոցի կտրված վերք։ Հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ անձինք, առգրավվել է շենքի մուտքը տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը: Տուժածի մարմնական վնասվածքների բնույթը, ստացման մեխանիզմը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Քննիչների կողմից իրականացված քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում, նախնական տվյալներով, պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հանդիսանում է 65-ամյա կնոջ 25-ամյա որդին:
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, 25-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: