Աշխարհ

Նիգերում հեղեղումերն ավելի քան 50 մարդու կյանք են խլել

2 րոպեի ընթերցում

Նիգերում հեղեղումերն ավելի քան 50 մարդու կյանք են խլել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերում վերջին երկու օրվա ընթացքում առնվազն 52 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ActuNiger լրատվական հարթակը հաղորդում է, որ տարերային աղետն ընդգրկել է երկրի արևմտյան շրջանները, որտեղ հորդառատ անձրևներ են տեղացել։ 

Ըստ հարթակի տեղեկատվության՝ սկսվել են փրկարարական աշխատանքներ, զոհերի թիվը ճշտվում է։ Տիլլիայի շրջանում մայրուղու ողողման հետևանքով խեղդվել են երկու ավտոբուսների ուղևորները: Նաև անհետ կորել են այլ մարդիկ, որոնք նույն ճանապարհով գնում էին ամեն շաբաթ գործող  շուկա։ Նրանց բոլորին քշել-տարել է վարարած գետերի ուժգին հոսանքը։ Ողջ մնացածների և զոհերի որոնման համար ուղարկվել են պաշտպանության և անվտանգության ուժերի, մասնավորապես՝ ժանդարմերիայի և ազգային գվարդիայի ջոկատներ։ 

Աշխատանքները բարդանում են դժվարամատչելի տեղանքի պատճառով։

Աղետից տուժած շրջաններում ողողվել են ճանապարհներ, ոչնչացել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններ։

Երկու շաբաթ առաջ Նիգերում սկսված անձրևների սեզոնի ընթացքում արդեն առնվազն 94 մարդ է զոհվել, 93-ը վնասվածքներ է ստացել։ Ընդհանուր առմամբ, տուժել է ավելի քան 137 000 մարդ։

Վերջին օրերին հեղեղումները, բացի Նիգերից, ընդգրկել են Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի ևս քանի երկրներ, այդ թվում՝ Գվինեան, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը, Կոտ դ'Իվուարը, Լիբերիան, Մալին, Նիգերիան, Տոգոն, Չադը: ՄԱԿ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 700 000 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում