Աշխարհ

Հարավային Կորեայի նախագահը Փհենյանին երկխոսության առաջարկ է արել

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նախագահը Փհենյանին երկխոսության առաջարկ է արել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը ԿԺԴՀ-ին առաջարկել է պաշտոնական երկխոսություն սկսել՝ ստեղծելով միջկորեական աշխատանքային խումբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:

«Մենք վերջապես լիարժեք ազատագրում կունենանք, երբ ամբողջ Կորեական թերակղզում հաստատվի ժողովրդի օրինական սեփականությունը հանդիսացող ազատ և դեմոկրատական պետություն», - ասել է Յուն Սոկ Յոլը Կորեայի ճապոնական գաղութացման ավարտի 79-ամյակի կապակցությամբ։

Յուն Սոկ Յոլն առաջադրել է միավորման համար երեք հիմնական խնդիր՝ Հարավային Կորեայում պաշտպանել ազատությունը կեղծ լուրերից և այլ ապակայունացնող տարրերից, փոփոխություններ կատարել Հյուսիսային Կորեայում՝ մարդու իրավունքների բարելավման և արտաքին տեղեկատվության միջոցով, և ամրապնդել համագործակցությունը միջազգային հանրության հետ:

Հարավային Կորեայի նախագահը նաև առաջարկել է, որ երկու Կորեաները ստեղծեն միջկորեական աշխատանքային խումբ։

«Այդ մարմինը կարող է զբաղվել ցանկացած հարցով՝ լարվածության թուլացումից մինչև տնտեսական համագործակցություն, անձանց միջև և մշակութային փոխանակումներով, ինչպես նաև բնական աղետներին և կլիմայի փոփոխությանն արձագանքով», - ասել է նա:

Հարավային Կորեայի նախագահը հաստատել է Հյուսիսային Կորեային լայնածավալ օգնություն տրամադրելու իր հանձնառությունը՝ ապամիջուկայնացմանն ուղղված քայլերի դիմաց։

«Մենք քաղաքական ու տնտեսական համագործակցությունը կսկսենք այն պահին, երբ Հյուսիսային Կորեան գոնե մեկ քայլ անի դեպի ապամիջուկայնացում», - ասել է նա։

Յուն Սոկ Յոլը ԿԺԴՀ-ին կոչ է արել արձագանքել իր առաջարկին՝ նշելով, որ երկխոսությունը և համագործակցությունը կարող են զգալի առաջընթացի հանգեցնել միջկորեական հարաբերություններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում