Աշխարհ

Աշխարհի առաջատար ապրանքանիշները կրճատում են հագուստի կարի պատվերները Բանգլադեշում. Financial Times

2 րոպեի ընթերցում

Աշխարհի առաջատար ապրանքանիշները կրճատում են հագուստի կարի պատվերները Բանգլադեշում. Financial Times

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջատար ընկերությունները զգալիորեն կրճատում են հագուստի կարի և կոշիկի արտադրության պատվերները Բանգլադեշում և դիմում հարևան երկրների արտադրողներին՝ հարավասիական երկրում 500 մարդու կյանք խլած զանգվածային ցույցերից և վարչապետի հրաժարականից հետո: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times (FT) պարբերականը՝ վկայակոչելով աշխարհում հագուստի երկրորդ խոշորագույն արտահանող երկրի արտադրողներին։

Նրանց տվյալներով՝ «որոշ խոշոր ապրանքանիշներ առաջիկա սեզոնների համար պատվերները փոխադրել են Հարավարևելյան Ասիայում մրցակից արտադրողներին, ինչը խախտել է մատակարարումների գոյություն ունեցող գլոբալ շղթաները և սպառնալիքի տակ դրել» ավելի քան 170 միլիոն բնակչություն ունեցող երկրի առաջատար ճյուղը։ 2023 թվականին Բանգլադեշն արտահանել է 47 միլիարդ դոլարի հագուստ։

Բանգլադեշի հագուստ արտադրողների խորհրդական Մամուն Ռաշիդի խոսքով՝ «Իսպանիայի և Գերմանիայի ընկերությունները տեղեկացրել են, որ պատվերների 40 %-ն այժմ վերաուղարկել են Կամբոջա և Ինդոնեզիա»: 

Ֆրանսիայի Decathlon սպորտային մանրածախ ցանցի և ճապոնական Uniqlo-ի մայր ընկերության՝ Fast Retailing-ի արտադրանքը մատակարարող Apex Footwear ընկերության ղեկավար Սայեդ Նասիմ Մանզուրը հայտարարել է, որ վերջին իրադարձությունները լրջորեն խաթարել են աշխարհի բրենդների վստահությունը Բանգլադեշի նկատմամբ:

Նախկին վարչապետ Շեյխ Հասինայի և նրա կառավարության դեմ ուսանողների բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ հրկիզվել են բազմաթիվ ֆաբրիկաներ, որոնք պատկանում էին նախկին վարչակարգի կողմնակիցներին, ներառյալ այնպիսի համաշխարհային ապրանքանիշների մատակարարների, ինչպիսիք են շվեդական H&M-ը և իսպանական Zara-ն: Դա հանգեցրել է ձմեռային մանրածախ սեզոնի համար Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա հագուստի և կոշիկի մատակարարումների հետաձգման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում