Աշխարհ

ՆԱՏՕ-ի երկրների կես միլիոնից ավելի զինվորականներ գտնվում են բարձր պատրաստության վիճակում

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի երկրների կես միլիոնից ավելի զինվորականներ գտնվում են բարձր պատրաստության վիճակում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի ավելի քան կես միլիոն զինծառայողներ այժմ բերվել են մարտական պատրաստության վիճակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Polska Agencja Prasowa գործակալությանը հայտնել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար ծովակալ Ռոբ Բաուերը։

«ՆԱՏՕ-ն իրագործել է պաշտպանության ամենահամալիր պլանները «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր, և դաշինքի ուժերն ակտիվորեն թեստավորում ու կատարելագործում են այդ պլանները: Ներկայում մեզ մոտ կա ավելի քան 500 000 բարձր մարտական պատրաստության վիճակում գտնվող զինծառայող», - hարցազրույցից հատված է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:

Բաուերը հավելել է, որ դաշնակիցները նաև համաձայնել են ուժեղացնել Լեհաստանի հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը։

«Կարևոր քայլ է Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության նոր բազայի ստեղծումը, - նշել է նա: - Մենք աշխարհի ամենաուժեղ դաշինքի մի մասն ենք: Եվ մեզ հարկավոր է էլ ավելի ուժեղ դարձնել այն»:

Ծովակալը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դաշինքի որևէ երկրի վրա հարձակման սպառնալիք չի տեսնում։ 

«Ներկայում ՆԱՏՕ-ի դաշնակիցներից որևէ մեկի, այդ թվում՝ Լեհաստանի կամ Բալթյան երկրների վրա ռազմական հարձակման հավանականությունը մեծ չէ», - ասել է Բաուերը։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից ագրեսիվ պահվածքի մտահոգիչ պատկեր»։

«Մենք մարտունակ ուժեր ենք տեղակայել արևելյան թևում, ամրապնդել առաջնագծի պաշտպանությունը և մեծացրել Դաշինքի կարողությունը՝ արագորեն ուժեղացնելու ցանկացած դաշնակցի, որը հայտնվում է սպառնալիքի տակ», - հավելել է Բաուերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում