Աշխարհ

Աֆղանստանում երեք տարվա ընթացքում 1,4 մլն աղջիկ զրկվել է դպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից

2 րոպեի ընթերցում

Աֆղանստանում երեք տարվա ընթացքում 1,4 մլն աղջիկ զրկվել է դպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում թալիբների իշխանության գալու վերջին երեք տարվա ընթացքում շուրջ 1,4 միլիոն աղջիկ չի կարողացել միջնակարգ կրթություն ստանալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

«Դե ֆակտո իշխանությունների կողմից սահմանված արգելքի հետևանքով 2021 թվականից ի վեր առնվազն 1,4 միլիոն աղջիկ զրկված է եղել միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունից», - ասվում է մամուլի տեղեկագրում։

«Աֆղանստանը միակ երկիրն է աշխարհում, որը 12-ից բարձր տարիքի աղջիկներին ու կանանց արգելում է կրթություն ստանալ: Մենք չպետք է անտարբեր մնանք այս խնդրի նկատմամբ: Կրթության իրավունքը պետք է լինի համընդհանուր», - հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ Աֆղանստանում խնդիրներ կան նաև տարրական կրթության հետ կապված: Այսպես, չնայած այն բանին, որ 12-ից ցածր տարիքի աղջիկներին, ընդհանուր առմամբ, Աֆղանստանում թույլատրվում է կրթություն ստանալ, սակայն 2021 թվականից ի վեր տարրական դպրոցներում սովորողների ընդհանուր թիվը ևս զգալիորեն նվազել է: 2022 թվականին տարրական դպրոցներում սովորում էր 5,7 միլիոն տղա և աղջիկ, ինչը 1,1 միլիոնով պակաս է, քան 2019 թվականին՝ մինչև թալիբների իշխանության գալը։

«Տարրական դպրոցում սովորողների թվի նվազումը դարձել է դե ֆակտո իշխանությունների որոշման արդյունքը` արգելել կին ուսուցիչներին ուսուցանել տղաներին», - հավելել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում։

Օգոստոսի 14-ին թալիբները զորահանդես են անցկացրել՝ նվիրված Աֆղանստանում իշխանության գալու երրորդ տարեդարձին։

2021 թ. օգոստոսին թալիբները, չհանդիպելով դիմադրության, գրավեցին Աֆղանստանի գրեթե ողջ տարածքը, ներառյալ խոշորագույն քաղաքները։ Խմբավորման զինյալները օգոստոսի 15-ին մտան երկրի մայրաքաղաք Քաբուլ և վերադարձան իշխանության։

Իշխանության գալուց ի վեր թալիբներն զգալիորեն սահմանափակել են աղջիկների ու կանանց համար սովորելու և աշխատելու հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում