Քաղաքականություն

Ադրբեջանը ցինիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել՝ ներկայացնելով Երևանի «օրհներգը». «Գեղարդ» հիմնադրամի հայտարարությունը

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանը ցինիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել՝ ներկայացնելով Երևանի «օրհներգը». «Գեղարդ» հիմնադրամի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտում և անթույլատրելի է համարում միջազգայնորեն ճանաչված պետության մայրաքաղաքի (Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի՝ խմբ.) մասին ադրբեջանական կամ թուրքական օրհներգի պատրաստումն ու տարածումը։ 

«Ալիևյան ռեժիմի նկրտումները Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ շարունակաբար աճում են։ Միջազգայնորեն ճանաչված անկախ պետության տարածքն Ադրբեջանի պատմական հողեր հռչակելուց զատ՝ Բաքվի քարոզչամեքենան ակտիվ աշխատում է նաև մշակույթի, այդ թվում՝ երաժշտագիտության ոլորտում։

Օրերս հրապարակվեց, իրենց կեղծ բնորոշմամբ, «Իրևանի թուրքական հանրապետության» պետական օրհներգը, որի բովանդակությունը Երևանը «օտար ձեռքերից ազատելու և հետ վերադարձնելու» մասին է։

Օրհներգի հեղինակն Ադրբեջանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ջավանշիր Գուլիևն է, ով, ինչպես ինքն է նշում, Իլհամ Ալիևի ֆավորիտն է և նախագահական վերջին ընտրություններում աջակցել է նրան։ «Օրհներգը» գրելու պատվեր Գուլիևը ստացել էր դեռևս 2021 թվականին։ 

Այստեղ ակնհայտ է «մեծ պատմաբան» Ալիևի նկրտումը՝ երաժշտագիտության ոլորտում ևս բարձունքներ նվաճելու և այդ բնագավառում նույնպես հավերժանալու։

Հատկանշական է, որ Ադրբեջանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքը, որտեղ հնչել է «ստեղծագործությունը», նախագծել է ազգությամբ հայ ճարտարապետ Նիկոլայ Բաևը, և այն ժամանակին պատկանել է Մայիլյան եղբայրներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի վարած քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ և անթույլատրելի է համարում միջազգայնորեն ճանաչված պետության մայրաքաղաքի մասին ադրբեջանական կամ թուրքական օրհներգի պատրաստումն ու տարածումը։ 

«Հերթական անգամ պաշտոնական Բաքուն իրականացնում է ադրբեջանական հասարակության «ուղեղների լվացում» և շարունակում է հանրայնացնել ագրեսիվ, հակահայկական տրամադրությունները»,- եզրափակվում է հաղորդագրությունը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում