Սպորտ

Փարիզ-2024. Ցանկանում եմ, որ Վարազդատի հաջորդը մեդալը լինի միայն ոսկե. Գոռ Մինասյան

3 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Ցանկանում եմ, որ Վարազդատի հաջորդը մեդալը լինի միայն ոսկե. Գոռ Մինասյան

ՓԱՐԻԶ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ, այժմ Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանն ամփոփել է ելույթը Փարիզ-2024-ում և խոսել Վարազդատ Լալայանի ու Լաշա Տալախաձեի հետ մրցակցության մասին:

«Լաշան իսկապես այլևս հինը չէր: Օլիմպիական խաղերից երկու-երեք մրցաշար առաջ արդեն իսկ մենք փորձում էինք հավասարվել և անցնել կիլոգրամներով: Թե հրում վարժությունում, թե պոկումում մրցակցությունն ակնհայտ էր: Նույնիսկ առաջին անգամն էր, որ պոկում վարժությունում նա երկրորդն էր»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը:

Վերջինիս հույս հայտնեց, որ վրացական ծանրամարտի լեգենդը չի հեռանա ծանրամարտից առաջիկայում և կամ իրեն, կամ Վարազդատ Լալայանին վերջապես կհաջողվի գերազանցել Տալախաձեին:

«Ես իմ շանսը բաց թողեցի պոկում վարժության երրորդ մոտեցման ձախողման ժամանակ: Եթե այդտեղ հաջողեի, ապա 5 կգ առավելություն կստանայի: Այդ ժամանակ հրում վարժությունում առավել հեշտ կլիներ պայքարելը: Լարվարծություն չկար, սրտի թռթիռով էի սպասում բուն մրցաշարի մեկնարկին և պայքարն էլ առավել քիչ լարվածությամբ անցավ»,-ասաց ՕԽ բրոնզե մեդալակիրը:

Մինասյանն ընդգծեց, որ այս մեդալը, այս նվաճում նվիրում է իր մայրիկին, ում ծննդյան օրն էր նախօրեին:

Անդրադառնալով Վարազդատ Լալայանի հետ մրցակցությանը` Մինասյանն առանձնացրեց, որ պայքարը միայն հարթակին է:

«Ինչպես առաջ էինք միասին մարզվում, այդպես էլ հիմա ենք մարզվում: Մեր կռիվը ծանրաձողի հետ է, իրար դեմ չէ: Ուզում եմ շնորհավորել Վարազդատ Լալայանին առաջին օլիմպիական մեդալի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ հաջորդը լինի միայն ոսկե»,-շեշտեց նա:

 Փարիզի «Հյուսիսային Արենա»-ում ընթացող ծանրամարտի մրցաշարը եզրափակվեց գերծանր մարզիկների պայքարով:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում հաջորդաբար պոկեց 210 կգ, 215 կգ, սակայն չբարձրացրեց 218 կգ: Հրում վարժությունում Լալայանը հաջող մոտեցմամբ բարձրացրեց 247 կգ, 252 կգ, բայց չկարողացավ բարձրացնել 256 կգ: Երկամարտի 467 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր է:

Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 210 կգ, 216 կգ, սակայն չֆիքսեց 220 կգ: Հրում վարժությունում Մինասյանը բարձրացրեց 245 կգ, սակայն երկու մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 255 կգ: Երկամարտի 461 կգ արդյունքով Մինասյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:  

Այս քաշում Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումն արդեն երրորդ անգամ նվաճեց Վրաստանից Լաշա Տալախաձեն: Վերջինս երկամարտում գրանցեց 470 կգ արդյունք:

 

Վարվառա Հայրապետյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում