Տնտեսություն

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունն առաջին անգամ մասնակցել է Սննդի տարածաշրջանային 2-րդ ցուցահանդեսին

2 րոպեի ընթերցում

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունն առաջին անգամ մասնակցել է Սննդի տարածաշրջանային 2-րդ ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոնտևիդեոյի քաղաքապետարանի հրավերով՝ օգոստոսի 2-3-ն Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունն առաջին անգամ մասնակցել է Սննդի տարածաշրջանային 2-րդ ցուցահանդեսին, որի շրջանակներում ներկայացվել են Հայաստանից ներկրվող հայկական սուրճն ու գարեջուրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը՝ հավելելով, որ ՀՀ դեսպանության տաղավարում նաև կազմակերպվել է հայկական լավաշի, չրերի, շոկոլադի և թեյերի հյուրասիրություն, ցուցադրվել են հայկական արտադրողների և ապրանքների մասին պատմող տեսահոլովակներ։

«Միջոցառումը, որին իրենց մասնակցությունն են բերել տեղական և տարածաշրջանային մի շարք խոշորագույն արտադրողներ, անցկացվել է Սննդամթերքի մեծածախ առևտրի խոշորագույն կենտրոնում՝ UAM-ում: Հայաստանի տաղավարն ունեցել է մեծաթիվ այցելուներ, որոնց թվում էին նաև Մոնտևիդեոյի քաղաքապետ Մաուրիսիո Սունինոն, Կանելոնեսի քաղաքապետ Մարսելո Մետեդիերան և այլ պաշտոնյաներ», - հաղորդում է դեսպանությունը։

Վերջինս հավելում է, որ միջոցառմանը բացման ելույթներով են հանդես եկել UAM-ի նախագահ Դանիել Գարինը, Մոնտևիդեոյի քաղաքապետ Մաուրիսիո Սունինոն, Ուրուգվայում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Գոնսալո Կմաիդը: Նրանք իրենց ելույթներում ողջունել են ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանին և շնորհակալություն հայտնել տարածաշրջանային այս ցուցահանդեսին առաջին անգամ Հայաստանի մասնակցության համար, իսկ Գոնսալո Կմաիդը անդրադարձել է նաև հայկական խոհանոցի առանձնահատկություններին՝ ընդգծելով, որ հայկական լավաշը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մաս է կազմում:

«Բացման արարողության շրջանակներում դեսպան Գևորգյանը մի շարք հարցազրույցներ է տվել տեղական լրատվամիջոցներին՝ կարևորելով Ուրուգվայում հայկական ապրանքների և հարուստ խոհարարական ավանդույթների ներկայացումը», - նշում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում