ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումների և պարեկային ծառայության անձնակազմի հետ oգոստոսի 8-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, անդրադառնալով Ոստիկանության բարեփոխումների չորս հենասյունային ուղղություններին՝ նախարարը նշել է, որ ակտիվ փուլում են Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ձևավորման աշխատանքները։
«Քննարկվել են հանցավորության, մասնավորապես՝ ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ հարցեր։
Անդրադարձ է կատարվել Շիրակի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից կոնկրետ դեպքերով իրականացրած աշխատանքներին ու գրանցած արդյունքներին։
Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը ներկայացրել է նոր ձևավորվող Համայնքային ոստիկանության գործառույթների և ընդունելության վերաբերյալ մանրամասներ։
Քննարկման առարկա են դարձել նաև նոր ձևավորվող ստորաբաժանումների կադրային համալրման, վերապատրաստումների և տեխնիկական հագեցվածության հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Վահե Ղազարյանը հորդորել է ոստիկաններին՝ ակտիվացնել մասնակցությունն ատեստավորմանը, ինչը թույլ կտա բարելավել սոցիալական երաշխիքները։
Անդրադառնալով Պարեկային ծառայության աշխատանքի արդյունավետությանը՝ նախարարը հանձնարարել է ուժեղացնել ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման ուղղությամբ ամենօրյա վերահսկողությունը։
Նշվում է, որ քննարկվել են նաև ձերբակալվածների պահման որոշ վայրերի օպտիմալացման և գործող վայրերի բարելավմանն ուղղված հարցեր։
ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանն անդրադարձել է ոստիկանների կարգապահական և բարեվարքության հարցերին: