Մշակույթ

Հայտնի է՝ որտեղ կտեղադրվի և ինչ տեսք կունենա Երվանդ Մանարյանի արձանը

3 րոպեի ընթերցում

Հայտնի է՝ որտեղ կտեղադրվի և ինչ տեսք կունենա Երվանդ Մանարյանի արձանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով, որ Երվանդ Մանարյանի ստեղծագործական գործունեությունը անմիջականորեն կապված է եղել Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի հետ, ինչպես նաև հետագայում թատրոնում իրականացվելու են Ե. Մանարյանին նվիրված հոբելյանական միջոցառումներ` արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերումը կկատարվի «Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ 2024 թվականի օգոստոսի 10–ին, լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի ծննդյան 100–ամյակը։ Այդ կապակցությամբ նախաձեռնվել է մեծանուն արտիստի արձանի պատրաստման գործընթացը։ 2.8 մետր բարձրությամբ արձանը կտեղադրվի Երևանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում` Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց, սալահատակված մայթին:  Բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է։

Արձանի տեղադրման վայրը համաձայնեցվել է արտիստի ժառանգների հետ և հաստատվել է Երևանի ավագանու 14.05.2024թ.–ի N 151-Ա որոշմամբ։

Արձանի մտահղացման հիմքում ընկած է Երվանդ Մանարյանին մեծ ճանաչում բերած «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի մի հատվածը: Ֆիլմի հերոսը, երևակայական մոտոցիկլի վրա նստած, սլանում է առաջ՝ ձեռքում պահած իր ներկայացումների կերպարներից «Անհաղթ աքլորը»: 

Երվանդ Մանարյանն անգնահատելի ժառանգություն է թողել սերունդներին. նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, հեղինակել բազմաթիվ ֆիլմերի սցենարներ, նկարահանվել ֆիլմերում, հրատարակել  պատմվածքներ և հոդվածներ։  1957-59 թթ. նա եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը: 

Ավելի վաղ ՀՀ կառավարության որոշմամբ ավելի քան 137 մլն դրամ գումար է հատկացվել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի հարդարման, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար: Միջոցները տրամադրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` 2024 թվականի պետական բյուջեի հատկացումների վերաբաշխմամբ:

«Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի համար Անրի Վերնոյ 3 հասցեում բարեգործական ծրագրի շրջանակում կառուցվել է նոր շենք, սակայն ներքին հարդարման որոշակի աշխատանքներ չեն կատարվել։ Թատրոնի բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային և ենթակառուցվածքային բարենպաստ պայմանների ապահովման, ինչպես նաև բարերարի գործն ավարտին հասցնելու, ամբողջականացնելու նպատակով կատարված հատկացումը կկազմի  69.7 մլն  դրամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում