Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է հայ հիմնադիրներ ունեցող  Unicorn-ի  ստարտափ ընկերություն՝ ServiceTitan

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է հայ հիմնադիրներ ունեցող  Unicorn-ի  ստարտափ ընկերություն՝ ServiceTitan

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ օգոստոսի 7-ին այցելել է ServiceTitan ընկերության հայաստանյան գրասենյակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ServiceTitan-ը հայ հիմնադիրներ ունեցող Unicorn-ի  ստարտափ ընկերությունն է, որն ամպային և շարժական ծրագրային լուծումներ է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին ԱՄՆ-ում և Կանադայում։

Ըստ աղբյուրի՝ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Աշոտ Տոնոյանի ուղեկցությամբ նախարարը  շրջայց  է կատարել ընկերության գրասենյակում, ծանոթացել վերջին տարիների ձեռքբերումներին, առաջիկա նպատակներին, զարգացման ծրագրերին։  

«Հայաստանի գրասենյակի արդեն 400-ից ավելի անդամից բաղկացած թիմը ոչ միայն բարելավում է առկա ծրագրային արտադրանքը, այլև ստեղծում է նորերը: Աշխատում են արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների կիրառման և դրանց շնորհիվ նոր որակ ստեղծելու շուրջ։

Նշվել է նաև, որ հայաստանյան ստարտափ էկոհամակարգը զարգացնելու, որակյալ մասնագետներ պատրաստելու, թիմը համալրելու նպատակով իրականացվել են կարճաժամկետ և երկարաժամկետ կրթական ծրագրեր։

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ  տեխնոլոգիական ոլորտը Կառավարության գերակա ուղղություններից է, որի զարգացումը մեծապես կախված է նաև նրանից, թե ինչպես է պետությունը համագործակցում մասնավոր ընկերությունների հետ։ Կարևորվել է տնտեսության բոլոր ոլորտներում տեխնոլոգիական նորագույն լուծումների կիրառումը, որը կարագացնի զարգացման տեմպերը։

Ընկերության ներկայացուցիչների կարծիքով Հայաստանը ոլորտային առումով չի զիջում շատ ավելի զարգացած երկրների, սակայն,  շատ կարևոր է, որ մեր մասնագետների կողմից ստեղծված արտադրանքը, ստացված արդյունքը պետության կողմից ճիշտ և նպատակային մատուցվի աշխարհին»,-- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  փոխգործակցությանն առնչվող մի շարք թեմաներ, այդ թվում՝ ոլորտին աջակցող  օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ։

Նշվում է, որ Վահե Կուզոյանի և Արա Մահդեսյանի` 2012-ին հիմնադրած ServiceTitan-ը հեղինակավոր Forbes պարբերականի կազմած՝ ամպային տեխնոլոգիաների ոլորտի 100 լավագույն մասնավոր ընկերությունների ցանկում 6-րդն է։

Ընկերության հայաստանյան գրասենյակը բացվել է 2018-ի դեկտեմբերին՝ սկզբում ունենալով ընդամենը հինգ աշխատակից։ Այսօր Հայաստանի գրասենյակում աշխատում է ավելի քան 400, իսկ ամբողջ աշխարհում ընկերության աշխատակիցների թիվն անցնում է 2800-ը։ Ընկերության առաջարկած ծրագրային ապահովումից օգտվում է ավելի քան 100 000 կապալառու ԱՄՆ-ում և Կանադայում։ Այս բոլոր թվերը շարունակաբար աճում են։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում