Հայաստան

Դոմինիկյան Հանրապետության քաղաքացին փորձել է Հայաստանի միջոցով Թուրքիա հասցնել և իրացնել 3 կգ «կոկաին» տեսակի թմրամիջոց

2 րոպեի ընթերցում

Դոմինիկյան Հանրապետության քաղաքացին փորձել է Հայաստանի միջոցով Թուրքիա հասցնել և իրացնել 3 կգ «կոկաին» տեսակի թմրամիջոց

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Դոմինիկյան Հանրապետությունից տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի Մ. Հ.-ին, վերջինիս ճամպրուկը և ձեռքի ուղեբեռը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունից, մաքսային զննման արդյունքում քաղաքացու ճամպրուկում գտնվող տեսախցիկի պատյանի կարված կողային հատվածներից և դյուրակիր համակարգչի պատյանի կարված հատվածից հայտնաբերվել է 3 կիլոգրամ ընդհանուր քաշով 3 փաթեթ՝ «կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ։

Կազմված նյութերը փոխանցվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն, որտեղ մաքսանենգության դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն և կայացվել ձերբակալության մասին որոշում։

Նախապատրաստված նյութերը և ձերբակալված անձը ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշման հիման վրա քաղաքացի Մ․Հ․-ն կալանավորվել է։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների համաձայն Հայաստանի Հանրապետությունը տվյալ պարագայում հանդիսանում էր տարանցիկ երկիր և «կոկաին» տեսակի թմրամիջոցի իրացման վայրը հանդիսանում էր Թուրքիայի Հանրապետությունը։  

Մասնակից անձանց շրջանակը պարզելու նպատակով շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները, արդյունքների դեպքում հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում