Մերձավոր Արևելք

Ավստրալիայի արտգործնախարարը կոչ է անում հայրենակիցներին անհապաղ հեռանալ Լիբանանից

2 րոպեի ընթերցում

Ավստրալիայի արտգործնախարարը կոչ է անում հայրենակիցներին անհապաղ հեռանալ Լիբանանից

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը Լիբանանում գտնվող ավստրալացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա տեսաուղերձ է տարածել X սոցիալական հարթակում:

«Իմ ուղերձն Ավստրալիայի քաղաքացիներին և լիբանանցիներին այն է, որ հիմա հեռանալու ժամանակն է.... Տարածաշրջանում հակամարտության լուրջ սրման վտանգ կա։ Անվտանգության իրավիճակը կարող է արագ վատթարանալ՝ առանց նախազգուշացման»,- ասվում է ուղերձում։

Վոնգը նշել է, որ դեռ որոշ կոմերցիոն չվերթեր գործում են, ուստի հարկավոր է հեռանալ։ Իսկ Լիբանան մեկնել պատրաստվող ավստրալացիներին նա խորհուրդ է տվել զերծ մնալ նման ուղևորությունից։ 

«Եթե իրավիճակը վատթարանա, Բեյրութի օդանավակայանը կարող է ամբողջությամբ փակվել։ Իսկ եթե դա տեղի ունենա, կառավարությունը, գուցե, չկարողանա տարհանել դեռևս Լիբանանում գտնվող ավստրալացիներին», - հավելել է նա։

Ըստ արտգործնախարարի՝ Ավստրալիան «աշխատում է տարածաշրջանային գործընկերների հետ` հասնելու զսպվածության և լարվածության թուլացման»:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանեյեի և Բաղդադում «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Տարածաշրջանում շատերը դրա համար մեղադրել են Իսրայելին: Իրանի իշխանությունները խոստացել են պատասխան տալ Թեհրանում Հանիյեի սպանության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում