Հայաստան

Հայրը և որդին միջազգային առաքանու միջոցով Հայաստան են ներմուծել «սուբուտեքս» տեսակի 886 հաբ

2 րոպեի ընթերցում

Հայրը և որդին միջազգային առաքանու միջոցով Հայաստան են ներմուծել «սուբուտեքս» տեսակի 886 հաբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայփոստ» ընկերության միջոցով Ֆրանսիայից Հայաստան ներմուծված առաքանիում հայտնաբերվել են «MENTOS» տեսակի մաստակի տուփեր, որոնց մեջ եղել է «B 8» գրառմամբ, «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ «սուբուտեքս» տեսակի 886 հաբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ պարզվել է ծանրոցի հասցեատիրոջ  ինքնությունը, ինչպես նաև այն փոստային բաժանմունքը, որտեղից վերջինս պետք է ստանար առաքանին։ 

Ձերբակալվել և  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել քաղաքացի Ա.Վ.-ն և վերջինիս որդին՝ Ն.Վ.-ն։

Ձերբակալված անձինք ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում 2 քաղաքացիները ձերբակալվել, այնուհետև դատարանի որոշման հիման վրա կալանավորվել են։

Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու նպատակով և համապատասխան որոշումների հիման վրա կատարվել են խուզարկություններ: Արդյունքում, քաղաքացի Ն.Վ.-ի բնակության վայրից հայտնաբերվել են նաև մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ և սվին դանակներ։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում