Սպորտ

Փարիզ-2024. Ուրախ եմ, որ պայքարել եմ մինչև վերջ. Էլմիրա Կարապետյան

2 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Ուրախ եմ, որ պայքարել եմ մինչև վերջ. Էլմիրա Կարապետյան

ՓԱՐԻԶ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանն ամփոփել է Փարիզ-2024-ում իր ելույթը:

«Չեմ կարծում, որ իմ ելույթի ժամանակ ինչ-որ մի բան չի ստացվել: Այդ օրը այդպես ստացվեց: Իրականում մեծ սխալ չի եղել: Ամբողջ մրցման ժամանակ հստակ տեսել եմ իմ անցած ճանապարհը: Ուրախ եմ, որ պայքարել եմ մինչև վերջ, և այդ պայքարն ուժ է տալու հետագայում մարզվելու համար, որպեսզի ավելի բարելավեմ արդյունքս, և որ մեկ միավորը չխանգարի եզրափակիչ անցնելուն»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Վերջինս անդրադարձավ նաև հայկական սպորտի համար բացառիկ համարվող օլիմպիական ջահի փոխանցումավազքին իր մասնակցությանն` ընդգծելով, որ բառերով անհնար է փոխանցել այդ էմոցիաներն ու երջանիկ պահերը:

«Ֆանտաստիկ հնարավորություն էր, առավել ֆանտաստիկ զգացողություններ եմ ունեցել ջահով քայլելիս: Ամբողջ մարմինդ փշաքաղվում է, երբ ձեռքիդ այդ օլիմպիական ջահն է: Լինելով առաջին հայ աղջիկն, ով օլիմպիական ջահով վազել է՝ շատերի համար ոգեշնչման աղբյուր ես դառնում: Շատ են ինձ գրում այդ մասին»,-առանձնացրեց Կարապետյանը:

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Օլիմպիական խաղերում չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:  33-րդ ամառային Օլիմպիական խաղերի 10 մետր ատրճանակ 60 կրակոց ձևում Կարապետյանը 576 միավորով գրավեց 9-րդ տեղը: Հայ հրաձիգին միայն մեկ միավոր չբավարարեց եզրափակիչ դուրս գալու համար: Փարիզ-2024-ը Կարապետյանի երկրորդ Օլիմպիական խաղերն են:

 

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում