Տնտեսություն

Ֆինանսների նախարարը հանդիպել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամների հետ

2 րոպեի ընթերցում

Ֆինանսների նախարարը հանդիպել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամները բիզնես նախաճաշի ձևաչափով հանդիպել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, փոխնախարարներ՝ Արման Պողոսյանին և Ավագ Ավանեսյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մանթաշյանց» գործարարների ակումբից, հանդիպման ընթացքում ակումբի համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանը, կարևորելով պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, նշել է, որ արդյունավետ կառավարման մոդել ձևավորելու համար կարևոր է, որպեսզի, թե՛ բիզնեսը և թե՛ պետությունը կարողանան երկխոսության ճիշտ մեխանիզմներ կիրառել, որպեզի համագործակցությունը ստացվի ի շահ մեկ գերագույն նպատակի՝ հզոր պետության կայացման։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է գերատեսչության գործունեությունը և բիզնեսի ներգրավվածության կարևորությունը՝ կատարվող աշխատանքներում։

Նախարարն  ընդգծել է, որ հարկային քաղաքականության ճիշտ կայացման և սոցիալական արդարության ձևավորման գործում իրենց համար կարևոր է, որպեսզի բիզնեսը զգա, որ այն հարկերը, որոնք վճարում է պետությանը, ուղղված են ավելի լավ պայմաններում բիզնեսների աշխատելու աջակցությանը։

Այստեղ կարևորվել է նաև բյուջետավորումը, որտեղ կարևոր է, որպեսզի ծախսվող ֆինանսները առավելագույն օգուտ տան պետությանն ու ծառայեն այն ռազմավարական առաջնահերթություններին, որն ունի մեր պետությունը։

Հովհաննիսյանը նաև փաստել է, որ այսօր շատ դեպքերում բիզնեսի վստահության խնդիր կա, որտեղ ակումբը պետք է օգնի, որպեսզի պետությունը հասկանա, թե որ բիզնեսն է  ավելի վստահելի, և դրանով հնարավոր լինի պահպանել նաև բարևարքության կանոնները:

Հանդիպման ավարտին հարց-պատասխանի ձևաչափով ակումբականները նախարարության ներկայացուցիչներին են ուղղել իրենց հուզող հարցերը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում