Միջազգային

Ռուսաստանն ու Բելառուսը համաձայնագիր կստորագրեն էլեկտրաէներգիայի միասնական շուկա ստեղծելու մասին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Բելառուսը համաձայնագիր կստորագրեն էլեկտրաէներգիայի միասնական շուկա ստեղծելու մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը և Բելառուսը կստեղծեն էլեկտրաէներգիայի միասնական շուկա։ Այս մասին հրաման է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ իրավական ակտերի կայքում։

«Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը, ստորագրել համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև Միութենական պետության միասնական էլեկտրաէներգիայի շուկայի ձևավորման մասին»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է հրամանում։

Բելառուսի էներգետիկայի նախարարությունը հունիսի սկզբին հայտնել էր, որ Մոսկվան և Մինսկը համաձայնագիր կստորագրեն 2024 թվականին էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման մասին։ Երկու երկրների էներգետիկայի նախարարներ Սերգեյ Ցիվիլևը և Վիկտոր Կարանկևիչը նախաստորագրել են գործողությունների ծրագրերը։

Ինչպես հայտնել էր Կարանկևիչը, ընդհանուր շուկայի ստեղծման այս փուլում կկազմակերպվի էլեկտրաէներգիայի առևտուր լիազորված ընկերությունների միջև։ Երկրորդ փուլը նախատեսում է ավելի խորը ինտեգրում՝ մասնակիցների թվի ընդլայնմամբ և միասնական տեխնոլոգիական կառավարման գործընթացի կազմակերպմամբ:

Հետագայում Միութենական պետության միասնական էլեկտրաէներգիայի շուկան կհամաժամանակացվի Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայի աշխատանքի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում