Մշակույթ

Խնկո Ապոր անվան գրադարանի վերապատրաստման դասընթացներն ուղղված էին գրադարանային ոլորտում շարունակական կրթության ապահովմանը

2 րոպեի ընթերցում

Խնկո Ապոր անվան գրադարանի վերապատրաստման դասընթացներն ուղղված էին գրադարանային ոլորտում շարունակական կրթության ապահովմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի իրականացրած «Վարպետաց դասեր» խորագրով «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրն ամփոփվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից, վերապատրաստման դասընթացներն անցկացվել են այդտեղ, երկու փուլով՝ հուլիսի 2-4-ը և 24-26-ը: Դասընթացներին մասնակցել են Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Կոտայքի և Վայոց ձորի մարզային և համայնքային գրադարանների 50 աշխատակիցներ:

Ըստ աղբյուրի՝ նախարարության աջակցությամբ իրականացվող ամենամյա ծրագրի նպատակն է ապահովել շարունակական կրթությունը գրադարանային ոլորտում, նպաստել գրադարանավարների մասնագիտական աճին և կարողությունների զարգացմանը:

Եռօրյա դասընթացների շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Ամերիկյան համալսարանի «Փափազյան», Ավ. Իսահակյանի անվան քաղաքային, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանների փորձառու գրադարանավարներն ու ոլորտի մասնագետները ծրագրի մասնակիցներին ներկայացրել են գրադարանային գործի գործառույթների վերաբերյալ նոր գիտելիքներ, հմտություններ, խոսել ոլորտային մարտահրավերների հաղթահարմանն ուղղված արդի մոտեցումների մասին: 

«Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը միտված է նաև ամրապնդելու գործընկերային կապերը, նպաստելու համագործակցության զարգացմանը մարզային ու համայնքային գրադարանների միջև: 

Դասընթացների ավարտին ծրագրի բոլոր մասնակիցները ստացել են հավաստագրեր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում