Վրաստան

Վրաստանի ՊԱԾ-ն Իվանիշվիլիի դեմ մահափորձի նախապատրաստման հետաքննություն է անցկացնում

2 րոպեի ընթերցում

Վրաստանի ՊԱԾ-ն Իվանիշվիլիի դեմ մահափորձի նախապատրաստման հետաքննություն է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հետաքննություն է անցկացնում ահաբեկչական գործողության նախապատրաստման և պետական ​​իշխանության տապալման, այդ թվում՝ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության պատվավոր նախագահ և հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի սպանության նպատակով դավադրություն կազմելու փաստով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:

«Պետական ​​անվտանգության ծառայությունը հետաքննում է Վրաստանում հանցավոր գործողությունների, ներառյալ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպանության նախապատրաստման փաստերը, որոնք կազմակերպվել և ֆինանսավորվել են Ուկրաինայում գտնվող Վրաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և ուժային գերատեսչությունների նախկին աշխատակիցների կողմից», - ասվում է Պետական ​​անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

Հանցավոր գործողությունների նպատակը կործանարար ուժերի կողմից բռնի կերպով պետական ​​իշխանության տապալումն է երկրում անկարգությունների և իշխանության թուլացման ֆոնին, նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել, որ ՊԱԾ-ն գործ է հարուցել Իվանիշվիլիի և «Վրացական երազանք»-ի այլ ղեկավարների նկատմամբ մահափորձ նախապատրաստելու գործով, որի շրջանակներում  քննչական մարմին հարցաքննության են կանչվում Ուկրաինայում կռված վրացի կամավորները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում