ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձրևի և չդադարող ծափերի ներքո օրերս Երևանում կայացավ Full Moon Fest 2024-ը, որը հյուրընկալել էր Outlandish, Vintage, 5Sta Family, Banderos, Reincarnation խմբերին և D'Litte-ին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում երգչուհի D'Litte-ն ասաց, որ երրորդ անգամ է համագործակցում The moon production-ի հետ։
Երգչուհին խոստովանեց՝ եկել է առողջական խնդիրներով, բայց անձրևն իրեն չխանգարեց։ «Բեմում 45 րոպե լինելով՝ գրեթե չորս տարի ավելի ես ապրում, քան սովորական մարդիկ: Որպես հեղինակ կատարող փառատոնն ինձ համար կարևոր է այնքանով, որ ծանոթանում եմ նոր արտիստների հետ, իսկ հանդիսատեսի հետ կապն ու կոմունիկացիան անչափ կարևոր է»,- նշեց D'Litte-ը:
The moon production-ի հիմնադիր Լուսինե Աչոյանն էլ ընդգծեց՝ նման մասշտաբներով միջոցառումների ժամանակ ֆորսմաժորային իրավիճակներն անխուսափելի են: «Չորրորդ անգամ է կայանում փառատոնը։ Այս անգամ հրավիրել ենք վեց երաժշտական խումբ՝ ընտրելով ամենասիրված արտիստներին։ Չնայած անձրևին՝ հանդիսատեսը վայելել է համերգը և դրական էներգիա ստացել։ Մեր նպատակն է ամեն տարի ավելի զարգանալ և հնարավորության դեպքում միջազգային ավելի հայտնի արտիստների հրավիրել Երևան»,- շեշտեց Լուսինե Աչոյանը: