Միացյալ Նահանգներ

Հարիսը 2 %-ով առաջ է անցել Թրամփից՝ համաձայն Reuters/Ipsos-ի հարցումների

2 րոպեի ընթերցում

Հարիսը 2 %-ով առաջ է անցել Թրամփից՝ համաձայն Reuters/Ipsos-ի հարցումների

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը 2 %-ով գերազանցում է ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին է վկայում Reuters/Ipsos-ի անցկացրած հարցումը։ 

Հարիսին աջակցություն է հայտնել ընտրողների 44 %-ը, Թրամփին՝ 42 %-ը։ Հարցումն անցկացվել է հուլիսի 22-23-ին՝ այն բանից հետո, երբ Բայդենը հայտնեց ընտրապայքարից դուրս գալու և Քամալա Հարիսին որպես դեմոկրատների կողմից նախագահի թեկնածու աջակցելու մասին։

Reuters-ը նշում է, որ անցյալ շաբաթ անցկացված հարցումների արդյունքներով, երբ Բայդենը դեռ ընտրապայքարում էր, Թրամփը 2 %-ով գերազանցում էր Բայդենին։ 

Գրանցված ընտրողների 56 %-ը համաձայնել է այն պնդման հետ, որ 59-ամյա Հարիսն ունի «սուր միտք և կարող է հաղթահարել մարտահրավերները»։ Նման կարծիք 78-ամյա Թրամփի մասին հայտնել է հարցվածների 49 %-ը։ Բայդենին նման գնահատական էր տվել հարցվածների ընդամենը 22 %-ը։ 

Դեմոկրատ ընտրողների երեք չորրորդը համաձայնել է այն պնդման հետ, որ կուսակցությունը և ընտրողները պետք է կանգնեն Հարիսի հետևում, մինչդեռ մեկ չորրորդը գտնում է, որ կուսակցության կողմից առաջադրվելու համար պետք է մրցակցություն լինի մի քանի թեկնածուների միջև։ 

Առցանց ձևաչափով անցկացված հարցմանը մասնակցել է ԱՄՆ-ի 1241 չափահաս քաղաքացի, այդ թվում՝ 1018 գրանցված ընտրող։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում