Երևանը հեղեղատար նոր համակարգի կարիք ունի. Կամո Արեյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում առկա է հեղեղատար նոր համակարգ կառուցելու անհրաժեշտություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում այդ մասին նշեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: 

Անդրադառնալով վերջին շրջանում անձրևների արդյունքում Երևանի տարբեր հատվածներում առաջացող հեղեղումների խնդրին՝ Կամո Արեյանը նշեց, որ տեղումների քանակը գերազանցում է նորման, և այդ պարագայում ցանկացած համակարգի թողունակությունը կարող է չբավարարել: Բանախոսը տեղեկացրեց, որ հաշվի առնելով քաղաքում մակերևութային ջրերի, անձրևընդունիչ համակարգի ֆիզիկական վիճակը և կառուցվածքը՝ հիմնավորվել է քաղաքը հեղեղատար նոր համակարգով համալրելու անհրաժեշտությունը: 

«Ամբողջությամբ իրականացվել են գույքագրման աշխատանքներ երկու կտրվածքով: Առաջին՝ գոյություն չունեցող համակարգի կառուցում և եղած՝ ոչ թողունակ կամ քայքայված, կիսատ գործող հեղեղատար համակարգի վերակառուցում: Միաժամանակ, ըստ վարչական շրջանների գույքագրվել է բակային տարածքներում գործող և չգործող հեղեղատար համակարգերի վիճակը»,- նշեց Կամո Արեյանը: 

Նա արձանագրեց, որ բակային տարածքներում հեղեղատար համակարգը տարբեր տարիների ընթացքում ենթարկվել է ֆիզիկական միջամտության և գործում է գրեթե 40 տոկոսով: Ընդ որում, բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում հեղեղատար համակարգը մեծամասամբ չի գործում: Մնացած թաղամասերում, ինչպես նշեց Կամո Արեյանը, այն ընդհանրապես գոյություն չունի, ուստի մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների 29 հասցեներում առկա է 18.8 կմ երկարությամբ հեղեղատար համակարգ կառուցելու անհրաժեշտություն: Քաղաքի այլ հատվածներում 7.2 կմ երկարությամբ հեղեղատար համակարգ ենթակա է վերակառուցման: 

Նշվեց, որ այդ ամենի մասին տեղեկատվությունը ներառված է մեծ փաթեթում, որը երկու շաբաթ առաջ քաղաքապետի ստորագրությամբ ներկայացվել է կառավարություն: 

Կամո Արեյանը հայտնեց նաև, որ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում կառուցվել է մոտ 28 կմ հեղեղատար համակարգ: «Ներկայացրել ենք, որ այս հեղեղատար համակարգը հանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը: Այդ գործընթացը դանդաղում է: Անկախ ամեն ինչից՝ «Վեոլիա ջուր» ընկերության հետ քննարկել ենք հարցը, ընկերությունը պետք է ուժեղացնի սպասարկումը, մաքրման աշխատանքների հաճախականությունը պետք է մեծանա»,- նշեց Կամո Արեյանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց հաջորդ տարվա համար նախատեսել որոշակի տեխնիկայի ձեռքբերում, որը քաղաքապետարանին հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում ինքնուրույն իրականացնել ջրատարների մաքրման աշխատանքներ:                 

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ