Միացյալ Նահանգներ

Չինաստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման շուրջ խորհրդակցությունները

2 րոպեի ընթերցում

Չինաստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման շուրջ խորհրդակցությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը որոշել է դադարեցնել ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման և չտարածման շուրջ խորհրդակցությունները՝ ամերիկյան կողմից Թայվան կղզու վարչակազմին զենքի վաճառքի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ 

«Որոշակի ժամանակամիջոցում ԱՄՆ-ն շարունակել է զենքի վաճառքը Թայվանի վարչակազմին, չնայած Չինաստանի խիստ հակազդեցությանը և բազմիցս կրկնվող բանակցություններին.... Չինաստանը որոշել է դադարեցնել ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման և չտարածման շուրջ խորհրդակցությունների հաջորդ փուլը», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Դիվանագետը կատարվածի պատասխանատվությունը բարդել է ամերիկյան կողմի վրա և ընդգծել Պեկինի պատրաստակամությունը՝ պահպանելու համապատասխան շփումները Վաշինգտոնի հետ «փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության հիման վրա»։ Նա Միացյալ Նահանգներին կոչ է արել «հարգել Չինաստանի հիմնական շահերը և ստեղծել երկու կողմերի միջև երկխոսության և խորհրդակցությունների համար անհրաժեշտ պայմաններ»:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության գնահատմամբ՝ կղզուն ամերիկյան ռազմական մատակարարումների ընդհանուր գումարը մի քանի տարում գերազանցել է 70 միլիարդ դոլարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում