Պաշտոնական

ՀՀ վարչապետ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Բռնության նման գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ, քանի որ դրանք խաթարում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները, որոնք մենք խորապես արժևորում ենք: 

Դոնալդ Թրամփին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- նշել է ՀՀ վարչապետ Փաշինյանը։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հուլիսի 13-ի երեկոյան, Փենսիլվանիայի նահանգի Բաթլեր քաղաքում կայացող նախընտրական հանրահավաքի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով Թրամփը վիրավորվել է։ Հանրահավաքի առնվազն մեկ մասնակից զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ 

 

Թրամփը սոցիալական ցանցերում հայտնել է, որ գնդակը դիպել է իր «աջ ականջի վերին հատվածին»։ Նախկին նախագահի խոսնակը տեղեկացրել է, որ նրա հետ ամեն ինչ լավ է։

Ըստ գաղտնի ծառայությունների՝ հրաձիգը բարձր դիրքից մի քանի կրակոց է արձակել, նախքան գործակալների կողմից սպանվելը։ 

Իրավապահները CNN-ին հայտնել են, որ նա եղել է շենքի տանիքին՝ հանրահավաքի անցկացման վայրի մոտ։ Միջադեպը հետաքննվում է որպես սպանության փորձ։

Հրաձգությունից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է Դոնալդ Թրամփի հետ և դատապարտել հարձակումը։ Բայդենը նաև հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «երախտապարտ է», որ Թրամփն ապահով է։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում