ՀՀ ԱԺ փոխնախագահը և ԻԻՀ Մեջլիսի նախագահը քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 11-ին Սանկտ Պետերբուրգում ԲՐԻԿՍ խորհրդարանական ֆորումի շրջանակում հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը զրուցակցին շնորհավորել է բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

Ըստ աղբյուրի՝ կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել Հայաստան-Իրան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ:

Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան գործընկերությունը հիմնված է հազարամյակների բարեկամության և դրացիության վրա:

Նշվում է, որ կարևորվել է համատեղ ջանքերի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող հարցեր:

Հայերեն English فارسی Français Русский