Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը կարևոր է այն առումով, որ մասնակիցներին հնարավորություն է տալիս ավելի շատ բան իմանալ Հայաստանի մասին և հայկական սփյուռքի գաղթօջախներում կյանքի կոչել բավականին հետաքրքիր նախաձեռնություններ, որոնք գլխավորապես միտված են հայապահպանությանն ու Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Չեխիայի բնակիչ, Բռնո քաղաքի քաղխորհրդի անդամ Դիանա Խոջայանը, ով սեպտեմբերին գալու է Երևան՝ մասնակցելու վերոհիշյալ ծրագրին։ 

Հայաստանի կառավարությունն էլ իր հերթին մեծապես կարևորում է հայկական գաղթօջախների հետ կապերի ամրապնդումն ու խորացումը, ինչի առթիվ դեռ 2022 թվականին կյանքի կոչվեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը: 

«Ի սկզբանե ուշադրությամբ հետևում էի ծրագրին։ Երբ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը ժամանեց Պրահա և հանգամանորեն ներկայացրեց ծրագրի դրույթները, որոշեցի, որ ճիշտ ժամանակն է մասնակցության հայտ ներկայացնել։ Ինձ համար կրթությունը շատ կարևոր է, ցանկանում եմ ավելի լավ ճանաչել Հայաստանն ու մեր պատմական հայրենիքին հուզող խնդիրները։ Ուզում եմ նաև օգտակար լինել Չեխիայի հայկական համայնքին։ Այդ ծրագիրը կտա սերտ համագործակցության հնարավորություն, և ես կկարողանամ այդ կարգավիճակով ավելի օգտակար լինել հայրենակիցներիս»,- ասաց Խոջայանը։

Չեխիայում բնակվող 22-ամյա հայուհու  նպատակն է նպաստել այնտեղ բնակվող հայերի համախմբմանը՝ հիմնադրելով հայկական առցանց դպրոց։ Խոջայանը նաև Բռնո քաղաքի քաղխորհրդի առաջին հայ անդամն է, ընդգրկված է իրավական հարցերի հանձնաժողովում։ Նա 2022 թվականի սեպտեմբերի վերջին մասնակցել է Չեխիայում անցկացված տեղական մարմինների ընտրություններին` առաջադրվելով «Ազատ և ուղիղ ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցությունից։  

«Լինելով ավագանու անդամ՝ ձգտում եմ կյանքի կոչել մեր կուսակցության ծրագրային կետերը, մասնավորապես՝ նպաստել նրան, որպեսզի երիտասարդ ընտանիքները բնակարան ձեռք բերեն մատչելի պայմաններով, որպեսզի որոշ չափով թեթևանա քաղաքացիների հարկային բեռը։ Ուզում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և հատկապես մշակութային կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ»,- ասաց Խոջայանը։

Երկուստեք փոխշահավետ հարաբերություններին օժանդակում են նաև կրթական ծրագրերը։ Դիանա Խոջայանը սովորում է Մասարիկի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Ի դեպ, Պրահայում գործող ՀՀ դեսպանատունը տվյալ բուհի հետ կնքել է համագործակցության պայմանագիր։ Վերջերս համալսարանի մասին նկարահանվեց ճանաչողական ֆիլմ, որում անդրադարձ է եղել նաև Դիանա Խոջայանին։ 

«Արմենպրես»-ի զրուցակիցը տեղեկացրեց, որ թեև Չեխիայի հայկական գաղթօջախը թվաքանակով մեծ չէ, բայցևայնպես, որոշակի ակտիվություն է դրսևորում երկրի հասարակական կյանքում։ Տեղաբնակ հայերը տարբեր առիթներով մասնակցում են կազմակերպվող միջոցառումներին, քննարկում կարևոր հարցեր։ Խոջայանի և նրա համախոհների նպատակն է, որպեսզի հայերին Չեխիայում պաշտոնապես տրվի ազգային փոքրամասնության կարգավիճակ, իսկ դրա համար անհրաժեշտ է ավելի համախմբված ու ակտիվ գործել՝ պատկառելի ներդրում ունենալով երկրի զարգացման գործում։ Խոջայանը համոզված է, որ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը կարող է օգնել նաև այդ նպատակի իրականացմանը։      

Մանվել Մարգարյան 

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա