ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա Queen Sensation խումբը, որը լավագույնս ներկայացնում է աշխարհահռչակ Queen խմբի հիթերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը, որ նախաձեռնել է «Նյու ջեներեյշն» նախագիծը, տեղի կունենա հուլիսի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Խումբն իր գործունեությունը սկսել է 2007 թվականին: Այն բաղկացած է պրոֆեսիոնալ երաժիշտներից, որոնք նվագել են նախկին Հարավսլավիայի տարածաշրջանի ամենամեծ և ամենահայտնի աստղերի հետ: Բազմաթիվ համերգներ են ունեցել ամբողջ Եվրոպայում և շուտով դարձել հանդիսատեսի սիրած խմբերից մեկը: 2017 թվականից սկսած հանդես են գալիս Queen Symphony շոու ծրագրով` 42 հոգուց բաղկացած սիմֆոնիկ նվագախումբ և 16 հոգուց բաղկացած երգչախումբ:
Հաջողված շոու ծրագիրը շարունակվել է Բելգրադում և Զագրեբում, Հյուսիսային Մակեդոնիայում, Չեռնոգորիայում, Սլովենիայում, Խորվաթիայում և Եվրոպական այլ երկրերում։ 2023-ին կազմակերպվել է ամանորյա մեծ շոու Խորվաթիայում: Փետրվարին և մարտին խումբը նոր 37 շոու ծրագրով շրջագայել է Ավստրիայում, Շվեյցարիայում և Գերմանիայում: Ինչպես խմբի անդամներն են փաստում՝ տարիների ընթացքում իրենց բեմական շոուն վերածվել է առանձին խմբի շոու ծրագրի, այլ ոչ պարզապես աշխարհահռչակ Queen խմբի երգերը կատարող և նմանակող խմբի:
Խումբը նպատակ ունի ներկայացնելու Queen-ի էվոլյուցիան և կատարելագործումը, ինչին կհետևեին Ֆրեդին, Բրայանը, Ռոջերը և Ջոնը, քանի որ շոուն պետք է շարունակվի։