Լիլի Մինասյանը ԵԱՀԿ ԽՎ-ում ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլի Մինասյանը, ելույթ ունենալով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի նիստին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած միջպետական սահմանների սահմանազատման գործընթացը՝ հույս հայտնելով, որ այն շարունակական բնույթ կունենա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակվել է պատգամավորի ելույթի տեսագրությունը։ 

«Հարգելի գործընկերներ, թույլ տվեք պատմել Ձեզ հայ ադրբեջանական հարաբերությունների վերջին զարգացումները։ Այս տարի ապրիլին Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես սկսեցին սահմանների դելիմիտացիայի գործընթացը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որը ողջունվել է տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից՝ ներառյալ Եվրոպայի միությունը»,- իր ելույթում նշել է Լիլի Մինասյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը։

ՀՀ ԱԺ պատգամավորը ներկայացրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով պայմանավորվել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ 

«Հայաստանը հավատարիմ է այս սկզբունքին և իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետրից այն կողմ որևէ հավակնություն չունի։ Այս մոտեցումը Հայաստանի Հանրապետությունը գործնականում ապացուցել է Ադրբեջանի Ղազախի և Հայաստանի Տավուշի մարզի չորս գյուղերում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ»,- նշել է Մինասյանը և ներկաներին տեղեկացրել, որ առաջին անգամ անկախ պետականության շրջանում Հայաստան-Ադրբեջան սահմանի 12 կմ տարածքը սահմանազատված է։

Նա նաև հավելել է, որ այդ գործընթացին զուգահեռ՝ կողմերը պայմանավորվել են ավարտել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կանոնակարգի նախագծի համապատասխանեցումը մոտ օրերս: 

«Հույս ենք հայտնում, որ սահմանի ամբողջ երկայնքով սահմանազատման գործընթացը շարունակական կլինի, և բոլոր խնդրահարույց հարցերը կլուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով, քանի որ Հայաստանի կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում։ Մենք պաշտոնապես առաջարկել ենք Ադրբեջանին ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: Հուսով ենք այս նախաձեռնությունը դրական արձագանք կստանա Ադրբեջանի գործընկերներից»,- ասել է պատգամավորը՝ շեշտելով, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղությանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն՝ պետական սահմանի սահմանազատման, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակման վրա՝ երկու պետությունների ինքնիշխանության և իրավասության ներքո, որը հիմնված է հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։  

Լիլի Մինասյանը, եզրափակելով իր ելույթը, նաև նշել է․ «Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ-ն կարևոր դեր ունի Եվրոպայի ժողովրդավարական անվտանգությանը նպաստելու գործում: Մենք գնահատում ենք ձեր ներդրումը տարածաշրջանի խաղաղության և կայունության գործում և ակնկալում ենք ձեր շարունակական ներգրավվածությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում։ Շնորհակալություն»։ 

Հայերեն فارسی ქართული Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում