Իրանի դեսպանը հուսով է, որ նախագահական ընտրությունների արդյունքները կլինեն ի նպաստ իրանցիների և հայ-իրանական հարաբերությունների

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հույս է հայտնել, որ Իրանի՝ հունիսի 28-ին մեկնարկած նախագահական ընտրություններում կգրանցվեն այնպիսի արդյունքներ, որոնք ի նպաստ կլինեն ինչպես իրանցի ժողովրդի, այնպես էլ հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանը հայտարարեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը մեկնարկած նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքում լրագրողների հետ զրույցում: 

«Այսօր ճակատագրական օր է Իրանի և վերջինիս ժողովրդի համար. Իրանի ժողովուրդն առաջիկա 4 տարվա համար ընտրում է իր նախագահին»,- ասաց Սոբհանին։ 

Դեսպանը նշեց, որ սա Իրանի Իսլամական Հանրապետության արդեն 14-րդ նախագահական ընտրությունն է և այն ցույց է տալիս, որ Իրանի կառավարությունը, այն համակարգն ու վարչակարգը, որը ստեղծվում է՝ հիմնված է Իրանի ժողովրդի քվեի և որոշման վրա։

«Այսօր մենք քվեարկում ենք հանուն հզոր Իրանի, հանուն առաջադեմ, երջանիկ և զարգացած Իրանի։ Այսօր առավոտյան ժամը 8։00-ից մեզ մոտ արդեն սկսել են ընտրությունները, և Իրանի այն քաղաքացիները, որոնք բնակվում են Հայաստանում կամ այն իրանցի զբոսաշրջիկները, որոնք գտնվում են Հայաստանում՝ այցելել են այստեղ և իրենց ձայնն են տվել նախագահական ընտրություններում, ինչը նշանակում է, որ Իրանի ճակատագիրը նրանց համար կարևոր է»,- նկատեց դեսպանը և հավելեց, որ ընտրությունների համար նախատեսված է երեք քվեատուփ, որոնցից մեկը շարժական է. առաջին ընտրատեղամասը հենց դեսպանատանն է գտնվում, երկրորդը՝ Երևանի Կապույտ մզկիթում, իսկ երրորդը շրջիկ է և նախատեսված է այն քաղաքացիների համար, ովքեր վատառողջ են, գտնվում են քրեակատարողական հիմնարկներում կամ այլ պատճառներից ելնելով չեն կարողանում այցելել ընտրատեղամասեր։

Մեհդի Սոբհանին մանրամասնեց, որ նախատեսված է ընտրություններն անցկացնել առավոտյան ժամը 8։00-19։00-ն, սակայն օրենքով սահմանված է, որ անհրաժեշտության դեպքում այդ ժամանակը կարող է ավելացվել։

«Ես համոզված եմ, որ Հայաստանում շատ լուրջ և հետևողական են վերաբերում և հետևում Իրանի նախագահական ընտրություններին, և լիահույս եմ, որ այսօրվա ընտրությունների արդյունքում մենք կունենանք այնպիսի արդյունք, որն ի նպաստ կլինի ինչպես իմ սիրելի ժողովրդի ու երկրի, այնպես էլ Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- եզրափակեց դեսպան Սոբհանին։

Հայերեն Español فارسی Русский Türkçe

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել