Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները
2 րոպեի ընթերցում
![Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/06/25/yTSHLjqqJJLCmlc4G4yjoFfzOzmEKgwNIzkg7Zf9.webp)
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարմանը և այդ համատեքստում իրականացվող իրավական բարեփոխումներին: Մասնավորապես, դրանք վերաբերում են ապրանքների և ծառայությունների բնութագրերին, այդ թվում՝ քանակի և որակի համապատասխանությանը, առցանց առևտրին, սննդի անվտանգությանը, վերահսկողության մեխանիզմներին և դրանց կատարելագործմանը և այլն: Ակնկալվում է, որ օրենսդրական փոփոխությունները կնպաստեն սպառողների իրավունքների հստակ, միասնական ամրագրմանը, քաղաքականության մշակմանը, վերահսկողական մեխանիզմների ներդրմանը, խմբային և անհատական շահերի պաշտպանությանը, սպառողների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
Նշվել է, որ օրենսդրական փոփոխությունները նախատեսվում է իրականացնել Էկոնոմիկայի նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական քայլերի ու նախատեսվող օրենսդրական փոփոխությունների իրականացումը սահմանված ժամանակահատվածում: