ՔՈԱՖ-ի մշակած անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մրցույթում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) թիմի կողմից 3-րդ, 6-րդ և 8-րդ դասարանների համար մշակված անգլերենի դասագրքերը հաղթող են ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) կողմից հայտարարված հանրակրթական դպրոցների նոր դասագրքերի բաց մրցույթում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՔՈԱՖ-ից։

«Այսպիսով, հաղթելով մրցույթում՝ դրանք երաշխավորվել են ԿԳՄՍՆ-ի կողմից և 2024-2025 ուսումնական տարվանից սկսած հանրապետության ամբողջ տարածքում կկիրառվեն որպես հիմնական դպրոցական դասագրքեր: Այս բացառիկ նվաճումը ՔՈԱՖ-ի անգլերենի ծրագրերի թիմի և դասագրքերի հեղինակ-ուսուցիչների անգնահատելի նվիրման և աշխատանքի արդյունք է: Վերջիններիս ներգրավվածությունը հատկապես էական է դասավանդման երկարամյա փորձի տեսանկյունից։ Դպրոցականների կարիքների և մարտահրավերների մասին ունեցած նրանց խորը պատկերացումը մեծապես օգնել է արդիական, հետաքրքիր ու ներգրավող ուսումնական նյութերի մշակման գործում։ Դասագրքերի կազմման ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը եղել է ՔՈԱՖ-ի վստահելի ու կարևոր գործընկերը։ Վերջին երկու տարիների ընթացքում դրանց բովանդակությունը փորձարկվել և բարելավվել է հիմնադրամի ու դեսպանատան համատեղ անգլերեն կրթական ծրագրերի շրջանակներում։ 

Այն ուսանողները, որոնք արդեն իսկ սովորել են այդ նյութերով, ոչ միայն բարելավել են իրենց լեզվական գիտելիքները, այլև ձեռք են բերել արժեքավոր հմտություններ, ինչպիսիք են հանրային խոսքը, քննադատական մտածողությունը և հետազոտական կարողությունները: 

ՔՈԱՖ-ի անգլերեն նոր դասագրքերի առանցքային կետերից են ժամանակակից մեթոդաբանությունն ու բովանդակությունը, որոնց շնորհիվ դրանք ինտերակտիվ ու ներգրավող են։ Այս մոտեցումը դասապրոցեսը դարձնում է առավել գրավիչ ու հետաքրքիր, իսկ ուսումնառությունը հենվում է ոչ այնքան տնային աշխատանքների, որքան դասարանում ստացած գիտելիքի և այն գործականում կիրառելու վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«ՔՈԱՖ-ի համար սա հսկայական նվաճում է,- նշում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։- Անգլերենի գերազանց գիտելիքներ փոխանցելուց զատ, մեր դասագրքերը նաև զարգացնում են այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են անկախ մտածողությունը, հրապարակային խոսքը, վերլուծական մտածողությունը, թիմային աշխատանքը և հետազոտական կարողությունները։ Մեզ համար մեծ պատիվ է, քանի որ մեր մշակած դասագրքերը վճռորոշ դեր կունենան գալիք սերնդի պայծառ ապագայի ուրվագծման գործում»։ 

Ըստ աղբյուրի՝ ՔՈԱՖ-ը հանձնառու է տրամադրել բարձրորակ կրթական ռեսուրսներ, որոնք ոչ միայն կբարելավեն լեզվի իմացության մակարդակը, այլև դպրոցականներին կօժտեն 21-րդ դարի հմտություններով և կօգնեն ընդլայնել նրանց մտահորիզոնը: 

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի ու կարիքների վրա: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում՝ 82+ համայնքներում՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ 100,000-ից ավելի գյուղաբնակ շահառուների համար:

 

Հայերեն English

Հանրապետության նախագահի աշխատակազմին 2027 թվականի համար կտրամադրվի 1 մլրդ 794 մլրդ դրամ

Քամ Ղաֆարիանի գործունեությունը մարդկության կյանքի ընթացքը փոխելու առումով անգնահատելի է. Հովիկ Մուսայելյան

ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով՝ 7.00%

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք-շինություն

ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կկայանան Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները

Նոր քրեակատարողական հիմնարկը կկառուցվի մասնավոր-պետություն գործընկերության շրջանակներում. Գալյան

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը

Քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգեր

Զապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվել

Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել