Ռուսաստան

Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան պարտավորվել են օգնել միմյանց երկրներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում. Լավրով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան պարտավորվել են օգնել միմյանց երկրներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն համաձայնություն են ձեռք բերել օգնություն ցույց տալ միմյանց երկրներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «ՌԵՆ ՏՎ» հեռուստաալիքին տված մեկնաբանությունում։

«Պայմանագրի չորրորդ հոդվածին համապատասխան կա համաձայնություն՝ միմյանց օգնություն ցույց տալու ցանկացած պայմանավորվող երկրի դեմ ագրեսիայի դեպքում», - ասել է Լավրովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը։

«(Խմբ․՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը) նաև հիշատակել է, որ մենք ուշադրություն ենք դարձնում, թե ինչպես է Արևմուտքն Ուկրաինային առատորեն մատակարարում հեռահար, ժամանակակից զենքեր, ներառյալ միջուկային զենք կրելու ունակ ինքնաթիռներ, որպեսզի (խմբ․՝ Ուկրաինան) կարողանա խոցել ցանկացած թիրախ Ռուսաստանի Դաշնության տարածքում: Այդ առնչությամբ նա չի բացառել ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը», - հավելել է նախարարը։

Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ ռուս-կորեական բանակցությունների արդյունքներով ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Ռուսաստանի նախագահը և ԿԺԴՀ պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընը։

Ինչպես նշել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նոր փաստաթուղթը կկատարի միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքները, չի կրի առճակատման բնույթ և ուղղված չի լինի որևէ երկրի դեմ, այլ նպատակաուղղված կլինի Հյուսիսարևելյան Ասիայի տարածաշրջանում ավելի մեծ կայունության ապահովմանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում