ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթ»-ը՝ Սևանում. անցկացվել է 14 միջոցառում
5 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն ավանդական դարձած ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթ»-ն այս տարի անցկացվել է հունիսի 11-13-ը՝ «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով, որի ընթացքում Սևան համայնքում անցկացվել է 14 միջոցառում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքը 4-րդ անգամ է միացել «Կայուն էներգիայի շաբաթ»-ին` ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո:
Էներգիայի շաբաթվա թեմային համահունչ անցկացվեցին մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվել է մայիսի 27-ին:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի այցելուների կենտրոնում ցուցադրվել է «Սիսակը, Միսակը ու կլիմայի փոփոխությունը» և «Սիսակն ու Միսակը շարունակում են հարմարվել կլիմայի փոփոխությանը» ֆիլմերը, որոնք ուղեկցվել են Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի Սևանի մասնաճյուղի սաների նկարչական աշխատանքների ցուցադրությամբ:
«Կայուն էներգիայի շաբաթ»-ի շրջանակներում Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզում անցկացվել է փոքրիկների համար կազմակերպված սպորտլանդիա:
Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում թեմատիկ նկարչական աշխատանքների ցուցահանդեսը ևս մեկ հնարավորություն էր՝ բացահայտելու երեխաների թեմատիկ ընկալումները:
«Նկուղ» նորարարական հարթակում «Չվերականգնվո՞ղ, թե՞ կայուն էներգիա» թեմայով բանավեճ-քննարկումը մի հարկի տակ է հավաքել երիտասարդներին, որոնք ոչ միայն ներկայացրել են իրենց դիտարկումները, այլ նաև հանդես եկել առաջարկություններով:
«Նկուղ» նորարարական հարթակում տեղի է ունեցել ևս մեկ միջոցառում. թղթի, պլաստիկի վերամշակման վարպետաց դասը համախմբել է պատանիներին և երիտասարդներին, ովքեր համատեղել են հաճելին և օգտակարը, իսկ վերջում կատարված աշխատանքների ցուցադրությամբ ամփոփել օրը:
Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզում հերթական զրույց-պարապմունքը թեմատիկ էր, որը կրում էր «Արևն ու կայուն էներգիան» խորագիրը:
Պարապմունքների շարքը լրացվել է Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզում, որտեղ անցկացվել է «Կանաչ էներգիան բնության մեջ» թեմայով բաց պարապմունք:
Լճաշեն բնակավայրի արվեստի դպրոցի սաները այցելուներին և հյուրերին դիմավորել են «Կանաչ աշխարհ» խորագրով ցուցահանդեսով, որն ուղեկցվել է «Մենք և բնությունը» խորագրով ցերեկույթով:
Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում «Կայուն էներգիայի շաբաթ»-ի հերթական օրն ամբողջացել է ֆլեշմոբով: Մշակութային կենտրոնի սաները «Արևային աշխարհ» խորագրով ֆլեշմոբին մասնակից են դարձրել նաև համաքաղաքացիներին:
Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզում երեխաների պարապմունք-զրույցի թեման բնապահպանական էր, որը կրում էր «Պահպանենք մեր մոլորակը» խորագիրը:
Շաբաթվա հաջորդ միջոցառման հասցեն Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզն էր, որտեղ տեղի է ունեցել սպորտլանդիա:
Սևան քաղաքից մեկնարկած հեծանվարշավը վերջնագիծը հատել է Գագարին բնակավայրում: Պատանի հեծանվասերները ևս մեկ անգամ հիշեցրել ու կարևորել են կայուն էներգիայի նշանակությունը, բնապահպանական խնդիրները:
«Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական աշխատանքների մրցույթին ներկայացվել է 62 աշխատանք:
Մրցանակակիրներ են դարձել Մանե Ղարիբյանը (12 տարեկան), Ջուլիետա Մուրադյանը (13 տարեկան), Սյուզի Մանուկյանը (12տարեկան), իսկ ամենաշատ՝ 480 հավանումների է արժանացել Մանե Ալավերդյանի աշխատանքը:
«Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթին ներկայացված 15 աշխատանքից լավագույնը ճանաչվել են Արիանա Ղարիբյանի (10 տարեկան), Անուշ Ղազարյանի (11 տարեկան), Վիկտորյա Պետրոսյանի (12 տարեկան) աշխատանքները:
Խոսրով Խլղաթյան